Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է ԵԿՄ վարչության անդամ, ազատամարտիկ Վարազդատ Զատիկյանը

Պաշտոնական
ekm

Մահացել է ԵԿՄ վարչության անդամ, Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի նախագահ  Վարազդատ Մյասնիկի Զատիկյանը։  ԵԿՄ-ն ցավակցություն է հայտնում նրա մահվան կապակցությամբ Երկրապահ կամավորականների միության վարչությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 59-րդ տարում կյանքից հեռացել է Արցախյան ազատամարտի նվիրյալ, ԵԿՄ վարչության անդամ, Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի նախագահ  Վարազդատ Մյասնիկի Զատիկյանը: Երկրապահական ընտանիքը ցավակցում է Վարազդատի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին՝ հարազատի անժամանակ մահվան կապակցությամբ: Կորուստն անդառնալի է, և կորուստը ոչ միայն Զատիկյանների ընտանիքինն է, այլև՝ երկրապահական եռասերունդ ընտանիքինը, ողջ հանրությանը։ Վարազդատն իր կյանքը նվիրել է հայրենիքին։ Իր հերոս եղբոր՝ Վահան Զատիկյանի  հետ միասին «Մալաթիա» երկրապահ  ջոկատի կազմում  մասնակցել է մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին: Պատերազմից հետո ևս բոլոր հնարավորություններով ծառայել է ազգին, հայրենիքին։ Հավատարիմ Երկրապահի իր կոչմանը՝ Վարազդատ Զատիկյանը տարիներ շարունակ ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ԵԿՄ կառույցը, իր հայրենանվեր գործունեությունն  իսկական օրինակ է եղել կառույցի պատանի և երիտասարդ երկրապահների համար: Դրա վառ վկայությունն է նաև Վ. Զատիկյանի մասնակցությունը 2016-ի ապրիլյան պատերազմին:           Վարազդատ Զատիկյանը  սիրված և հարգված անձնավորություն էր: Ողջ երկրապահական ընտանիքն է այսօր սգում նրա անժամանակ մահը: Եվս մեկ անգամ ցավակցելով՝ համբերություն ենք մաղթում Վարազդատ Զատիկյանի ընտանիքին: Վստահ ենք, որ նա իր հայրենասիրությամբ, նվիրվածությամբ, անկոտրում կամքի շնորհիվ պիտի վառ և ուսանելի օրինակ լինի գալիք սերունդների համար: Ննջի՛ր խաղաղությամբ, հայ ազգի նվիրյալ զավակ: ԵԿՄ վարչություն