Հայաստանն առաջին անգամ կընդունի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հաստատել է 2018թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջոցառումների օրացուցային պլանը:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, արդեն պարզ են դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի ուսումնամարզական հավաքների եւ վարկանիշային մրցաշարերի մասնակիցներն ու վայրերը:

Մասնավորապես` դահուկավազք (Ֆինլանդիա)՝ Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ-Աշոցք), Թադեւոս Պողոսյան (Աշոցք), Կատյա Գալստյան (Աշոցք) եւ Աննա Ռաշոյան (Գյումրի): Ցավոք, վերջինիս անձնական մարզիչը չի համաձայնել իր սանին գործուղել ուսումնամարզական հավաքի առանց իրեն:

Լեռնադահուկային սպորտ (Ավստրիա, Իտալիա, ԱՄՆ)՝ Աշոտ Կարապետյան (Ծաղկաձոր), Հարություն Հարությունյան (ՖԻՄԱ) եւ Վազգեն Առաքելյան:

Հաստատվեցին նաեւ դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի 2018/19 մարզական միջոցառումների օրացուցային պլանները: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանն առաջին անգամ ընդունելու է Զարգացող դահուկային պետությունների 2019թ լեռնադահուկային սպորտի գավաթի խաղարկությունը, որը կանցկացվի հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 1-ը, Ծաղկաձորում:

Միջազգային ֆեդերացիայի օրացույցով նախատեսված վարկանիշային մրցաշարերի մասնակցության համար մարզիկները պետք է ֆեդերացիայի հետ ստորագրեն պայմանագիր եւ ստանան նոր արտոնագիր: Ֆեդերացիան որոշում է կայացրել լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի կազմավորումը հետաձգել եւս 1 տարով եւ ներդնել նորմատիվային համակարգ բոլոր տարիքային խմբերի համար: