Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը

Հասարակություն
ara_guler

Հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նրա ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով տեղափոխվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի «Florance Nightingale» հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները 2 անգամ կարողացել են վերականգնել Գյուլերի սրտի աշխատանքը, սակայն քիչ հետո Գյուլերը մահացել է սրտի անբավարարությունից։ Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում: Վերջրերս Գյուլերի 90-ամյակի առթիվ Ստամբուլում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը: Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյողլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Իսկական անունն է Արամ Գյուլերյան։ Նրա հայրը Տաճատ Գյուլերանն է, իսկ մայրը՝ Վերժինե Գյուլերյան։ Գյուլերը դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և զուգահեռ հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ սովորելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1958թ. դարձել է ամերկյան «Time life», «Paris-Match» և «Der Stern» հանդեսների թղթակիցը։ 1961թ. վերջացնելով զինծառայությունը թուրքական բանակում՝ նա աշխատանքի է անցել «Hayat» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 

Աղբյուր`    Haberler