Հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի մրցույթը
Երևանի քաղաքապետարանը, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերության հետ համատեղ, հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կանցկացնի «Երևան մարաթոն» վազքի մրցույթը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին։ Միջոցառման մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Արմ Մարաթոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը, «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը և «Երևան մարաթոն»-ի բարի կամքի դեսպան, «Վազք հանուն խաղաղության» ծրագրի իրագործող, ֆրանսահայ բարեգործ, վազորդ Արա Խաչադուրյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: «Երևանի քաղաքապետարանն արդեն ավանդաբար անցկացնում է վազքի մրցույթ: Այս տարի, սակայն, այն կլինի առանձնահատուկ, քանի որ ներառելու է 42.2կմ վազքուղի՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ուժերը փորձել Հայաստանում կազմակերպվող առաջին լիարժեք մարաթոնյան վազքի մրցույթում: Բացի այդ, մարաթոնը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին, ինչն ինքնին հիշարժան է դարձնելու օրը: Մարաթոնի նպատակն է խթանելով առողջ ապրելակերպը` նպաստել մարզական տուրիզմի զարգացմանը և պրոֆեսիոնալ ու սիրողական մարզիկների մասնակցությամբ ամրապնդել սփյուռքի հետ կապերը»,-նշել է Տիգրան Սարգսյանը: «Կոկա-Կոլա Երևան մարաթոնը» կմեկնարկի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08:00-ին՝ Ս. Շահումյանի անվան հրապարակից և կշարունակվի մինչև 14:30-ը: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկին փողոցներով՝ մրցավազքը կեզրափակվի մեկնարկային վերջնագծում: Ի դեպ, վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ: «Մարաթոնը կունենա 5 տարբեր մրցատարածություն ՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և պատրաստվածության վազորդների համար: Մասնավորապես 7-12 տարեկան երեխաները կմրցեն 1կմ վազքուղով, 13 տարեկան և ավելի տարիք ունեցողների համար կլինի 5կմ վազքուղի, 16 և ավելի տարեկանները կմրցեն 11,5կմ վազքուղով, իսկ 18 և ավելի բարձր տարիքով մասնակիցները՝ 21,1կմ և 42,2կմ վազքուղով»,- նշել է «Արմ Մարաթոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը: Նշվել է նաև, որ մասնակցության համար սահմանված է որոշակի վճար.
- 1կմ մանկական վազք – 4000 ՀՀ դրամ
- 5կմ – 8000 ՀՀ դրամ
- 11,5կմ – 10000 ՀՀ դրամ
- 21,1կմ – 13000 ՀՀ դրամ
- 42,2կմ – 20000 ՀՀ դրամ: