Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինաստանի անհատույց օգնությունը Հայաստանին

Տնտեսություն
shtap-og

Այսօր Շահումյանի հրապարակում տեղի ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության կողմից Հայաստանին անհատույց տրամադրվող շտապ օգնության մեքենաների պաշտոնական հանձնումը: Հանձման արարողությանը ներկա էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: Համաձայնագրի շրջանակում Հայաստանին տրամադրվել է 200 շտապ օգնության մեքենա, այդ թվում՝ 65 ռեանիմոբիլ, 135 գծային շտապ օգնության մեքենա:  Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ընդգծեց, որ առողջապահության ոլորտում իրենց  աջակցությունը հայ-չինական համագործակցության կանոնավոր մասն է կազմում: «Չինական կողմի նախաձեռնությամբ արտադրող ընկերությունը Հայաստան է գործուղել 10 արհեստվարժ մասնագետներից բաղկացած թիմ: Համոզված եմ, մեր մասնագետները առավելագույն ջանքերը կգործադրեն ազգաբնակչության շտապ բուժօգնության կազմակերպման, մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովումը և շտապ կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար»: Դեսպան Էրլունը նշեց, որ Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է առանց նախապայմանների, այն անշահախնդիր է. «Համոզված եմ, որ Չինաստանը և Հայաստանը կշարունակեն խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծեց, որ չինական կողմի աջակցության շնորհիվ հնարավոր է դարձլ թարմացնել և համալրել հանրապետության շտապ օգնության ողջ ավտոպարկը: «Կառավարության որոշմամբ շտապ օգնության մեքենաները բաշխվել են ողջ հանրապետությունով մեկ: 49 մեքենա տրամադրվել է Երևանի «Շտապօգնություն» ընկերությանը, 10 մեքենա՝ Երևանի  մի շարք բժշկական կենտրոններին, ևս 131 մեքենա՝ մարզային բժշկական կենտրոններին»: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը  դեռևս 2011թ. Հայաստանին  նվիրաբերել  էր 88 շտապ օգնության մեքենա: