Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տպագիր մամուլը չի մեռնի. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

Հասարակություն
avetiqyan

Այն կարծիքը, թե տպագիր մամուլը կվերանա,  «Ազգ» թերթի խմբագիրը չափազանցված է համարում: Չնայած տարեց- տարի տպաքանակի նվազման հետ՝  «Ազգը» օրաթերթից վերածվել է  շաբաթաթերթի: Հակոբ Ավետիքյանը համարում է, որ տպագիր մամուլի դերը շարունակում է մնալ մեծ։  «Տպագիր մամուլը չի մեռնի: Տպագիր մամուլը իր պատմության ընթացքում հեռուստատեսությունից, ռադիոյից բազմաթիվ հարվածներ է ստացել  և որոնցից տուժել է՝ ընթերցողներ,  եկամուտներ, գովազդներ է կորցրել»: Հակոբ Ավետիքյանը մնում է այն կարծիքին, որ թերթ կարդացողն այլ որակ ունի: Ըստ նրա՝ տպագիր  մամուլը  ընթերցողին մտածելու  հնարավորություն է տալիս: «Այն քաղաքացին, որն ամեն առավոտ կամ գոնե շաբաթը մեկ անգամ, 200 դրամ է  վճարում և թերթ է կարդում, դա այլ որակ ունեցող քաղաքացի է: Այսօրվա Տպագիր մամուլի պարտականությունն է  գնալ մեկնաբանության ճանապարհով, վերլուծության ճանապարհով, հետաքննության ճանապարհով: Եթե սա ապահովեց, կնշանակի իր տեղը կպահպանի»: Թերթեր  սկսեցին քիչ կարդալ ոչ միայն էլեկտրոնային մեդիայի ի հայտ գալով, ասում է Հակոբ Ավետիքյանը։  Խնդիրը նաեւ այն  տարածելու մեջ է: Ըստ խմբագրի, մամուլի կրպակները   դարձել են  այլ ապրանքների վաճառակետեր։ «Կիոսկներն օգտվում են իրենց տրված առանձնաշնորհից, նրանք ստեղծված են մամուլ տարածելու համար, բայց չեն անում, սիգարետ, արևածաղիկ են  վաճառում»: Հայաստանում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր:   Հայ մամուլի  պատմությունը սկսվում է 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ   Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը: