Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամսարի «վերադարձը» Նուբարաշենի «կլոր գերեզմանոցից»

Մշակույթ Հասարակություն
20181013_134026

     Երգիծաբան Լեռ Կամսարի «Բանտիս  օրագիրը» ռուսերենով հայտնվեց ընթերցողի սեղանին «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկից։   20 տարի խորհրդային  բանտում անցկացրած երգիծաբանի օրագիրը թարգմանել է ցմահ բանտարկյալ  Մհեր Ենոքյանը։ «Բանտիս օրագիր»-ը Մհեր  Ենոքյանին  2015թ նվիրել էր երգիծաբանի թոռնուհին  Վանուհի Թովմասյանը, որն այսօր՝  գրքի շնորհանդեսին հուզված էր այնքան, որ  չէր զսպում արցունքները. «Մտքովս չէր անցնի, որ այն կթարգմանի ցմահ բանտարկյալը»։ Նա կցանկանար, որ  այս թարգմանությունը շատ արագ հայտնվեր ռուսական  գրադարաններում, որ  վերանար միֆը, թե բռնաճնշման տարիներին միայն ռուսական այլախոհություն է եղել.   խորհրդային մյուս երկրներում գրողները վախեցել եւ լռել են։   Ինչու Մհեր Ենոքյանը որոշեց թարգմանել«Բանտիս օրագիր»-ը։ Գրքի առաջաբանում թարգմանիչը գրում է , քանի որ  Կամսարի ներկայացրած  նախորդ դարի 30-ականների բանտային պայմանները զգացել էր իր խցում։  Այլ մանրամասներն արդեն նրա նամակում էր, որը կարդաց նրա մայրը՝  տիկին Վարդուհին։ «Կամսարի տեսած 1930-ականների ու իմ տեսած 1990-ականների բանտը գրեթե նույնն էր: Սովետական դարաշրջանից պահպանվել էր անգամ բանտային լեզուն, ռուսերեն բառերը՝ »Զավտրկ, օբեդ, ուժին»,  «գլազոկն ու վալչոկը բացեցի», «Էսօր սվիդանի ա», «Պերեդաչի են բերել»... անմարդկային տանջանքները նույնպես նույնն էին, ստորացում, ռեժիմով ծեծ, սով: Այս ամենը հանցանք կատարածին ոչ թե ուղղում, այլ ստորացնում էին, միգուցե չարացնում, իսկ երբ անմեղին են փորձում նման չակերտավոր ուղղման ենթարկել, դա վեր է ածվում ողբերգական կոմեդիայի»,- գրել  է նա։ «Կամսարին դավաճանեցին ընկերները, բանտ նետեցին, քանի որ չէին հանդուրժում  իրենցից տարբերվողին, իսկ բանտը հավասարեցնում է բոլորին, կոտրում, դարձնում միանման գորշ», - շարունակում է  Մհեր Ենոքյանը՝  ընդգծելով՝ Կամսարը չկոտրվեց։ Ցմահ դատապարտյալն ասում էր, որ այ ինքը կոտրվում էր, բայց հանկարծ  հայտնվեց «մեծ աչքերով աղջիկը», իր պայքարի հավատարիմ ընկերը  եւ  այդ վերադարձրեց իրեն  հույսը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն  էլ հիշեց՝ իրոք,  Մհեր Ենոքյանը ուզում էր մահանալ, ինքը ստիպված է եղել այսպիսի արտահայտություն անել. «Եթե հույս չլինի, ես ինքս կասեմ»։ Մհեր Ենոքյանը բանտում է հայտնվել  համակուրսեցու սպանությունից հետո։ Նա դատապարտվել է մահապատժի, որը, սակայն , Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դարձել է  ցմահ , երբ Հայաստանում վերացել է մահապատիժը։ Ավետիք Իշխանյանն ասում է, որ  առաջիկայում սպասվող համաներումն անպայման պետք է վերաբերի նաեւ ցմահներին, հակառակ դեպքում այն ոչնչով չի տարբերվի նախորդներից։    Ըստ նրա՝    «տուժողի շահերը հաշվի առնելով»՝  պետությունը միշտ անտեսել է ցմահներին։ «Պետությունը տուժողի փոխարեն չպետք է վրեժ լուծի»,- ասում է իրավապաշտպանը, այլ մարդասիրություն պետք է ցուցաբերի այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց վարքով ցույց են տալիս, որ զղջում են։ Ընդ որում՝ քիչ չեն դեպքերը, երբ նրանցից շատերը բանտում են հայտնվել բոլորովին չապացուցված  ցուցմունքներով։ Հանդիպման  վերջում Մհեր Ենոքյանի մայրը  հիշեց որդու խոսքը. «Ես մի օր դատարանով կարդարացվեմ»։    Ի դեպ,  «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակից Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան)  բանտում հայտնվել է 1935թ., աքսորվել է  եւ միայն 1955թ-ին համաներմամբ վերադարձել է Երևան։ Հետգրություն Մհեր Ենոքյանի թարգմանած, նրա միջոցներով տպագրված գրքի՝ ցուցափեղկին դրված օրինակները շատ արագ սպառվեցին։ Հասույթը կտրամադրվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: