Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա մեր ազգի պատվի խաղն է. Գյուլբուդաղյանցը կոչ է անում երկրպագուներին աջակցել իրենց (տեսանյութ)

Սպորտ
a1armenia-gibraltar

«Յուրան շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, նա ինտեգրվելու կարիք չունի։ Վստահ եմ, որ Յուրա Մովսիսյանի խաղից կզգաք թիմի հզորությունը եւ ուժեղացումը», - այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Մեր թիմը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի հանդիպմանը: Վաղը, հոկտեմբերի 13-ին, Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ընդունելու է Ջիբրալթարի ազգային թիմին: Արմեն Գյուլբուդաղյանցը մեծ հարգանքով է խոսում իր թիմի առաջին մրցակցի մասին, թեեւ այն համարվում է ոչ միայն մեր խմբի, այլեւ ողջ մրցաշարի ընդգծված հետնապահներից մեկը: «Լավ ուսումնասիրել ենք Ջիբրալթարին։ Բավականին համարձակ ֆուտբոլ են խաղում։ Ընդհանրապես, իրենց հիմնական կազմի ֆուտբոլիստները իրար հետ միեւնույն թիմում են խաղում, այդ պատճառով նրանց խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է։ Թե դրսում, թե տանը փորձում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ», - նշեց գլխավոր մարզիչը: Խոսելով Հայաստանի հավաքականի կադրային հարցերի մասին, Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց, որ թեթեւակի վնասվածքներ ունեն Մարկոսն ու Կառլեն Մկրտչյանը, սակայն նրանք մասնակցել են թիմի վերջին երկու մարզումներին ու համարյա պատրաստ են խաղին: Իսկ մնացած ֆուտբոլիստները լիովին պատրաստ են վաղվա հանդիպմանը: Հավաքականի գլխավոր մարզչին, այնուամենայնիվ, մեկ հարց մտահոգում է. «Սա միայն մեր ֆուտբոլիստների խաղը չէ, սա մեր ազգի պատվի խաղն է։ Մեր ակումբերի հաջողություններն էլ հնարավոր չէին լինի առանց երկրպագուների։ Հուսամ՝ վաղը նրանք կգան, կաջակցեն մեզ, և մենք կհասնենք արդյունքի», - եզրակացրեց Արմեն Գյուլբուդաղյանցը