Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեխիղճ սպառողը չպետք է տուժի

Տնտեսություն Պաշտոնական
violia

Գործունեության առաջին իսկ օրերից Վեոլիա Ջուր ՓԲԸ կարեւորագույն խնդիրներից մեկը հանդիսացել է ապօրինի ջրօգտագործման դեմ պայքարը: Այս մերժելի երեւույթը մեզանում տասնամյակների պատմություն ունի ու պայմանավորված է տարբեր պատճառներով. ոռոգման ջրի բացակայություն կամ անբավարարություն, սպառողների ոչ բավարար իրավագիտակցություն ու քաղաքացիական դիրքորոշում, տեղեկացվածության պակաս՝ ջրի կարեւորության եւ ջրամատակարարման համակարգի աշխատանքի վերաբերյալ, կամ ուղղակի հանցավոր պահվածք՝ սեփական շահից ելնելով: Դրանով պայմանավորված, ջրօգտագործման կարգի խախտման ձեւերն էլ տարբեր են, ճանապարհներն էլ: Ընդ որում, ամեն անցած ժամանակաշրջան իր «ձեռագիրն» է թողել իրավիճակի վրա, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում դրանց վերացման գործում: Այստեղ դեր է խաղում նաեւ մարդկային գործոնը. սպառողների ագրեսիվ պահվածքը, ստուգողներին բնակարան ներս չթողնելը, ապօրինությունները թաքցնելը, օրենսդրության պահանջը յուրովի մեկնաբանելը … Այնուամենայնիվ, պայքարն այս ուղղությամբ շարունակվում է, արդյունքներն էլ խոսուն են: Այսպես, անցած ժամանակահատվածում Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատակիցները հայտնաբերել են տարաբնույթ 5483 խախտում: Դրանցից 3368-ը ապօրինի ջրագծեր են: Եւս 314-ը ջրազրկման խախտման դեպք է, երբ պաշտոնապես ապամոնտաժված ջրագիծը սպառողը նորից միացրել է բաշխիչ ցանցին: Նման 1800 դեպք էլ արձանագրվել է, կապված ջրաչափերի ինքնակամ վերամիացման հետ: Ինչ վերաբերում է ջրաչափերի «գլխին խաղ խաղալուն». պոկված կնիք, ասեղով կանգնեցված պտուտակ, նվազեցված ցուցմունք եւ այլն, ապա դրանք 3850-ն են եղել, եւ Ջրաչափերի լաբորատորիայի եզրակացության հիման վրա ընկերության կողմից կատարվել է սպառված ջրի ծավալի վերահաշվարկ: Այս ընթացքում քանիցս ԶԼՄ-ներին ներկայացվել է տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ, հանրությանը ցուցադրվել է Ջրաչափերի լաբորատորիայի աշխատանքը, կազմակերպվել են շրջայցեր լրագրողների մասնակցությամբ, ինչպես նաեւ հեռուստահաղորդումներ: Նաեւ ասվել է ներդրումային ծրագրերի մասին, հրապարակվել են հաղորդագրություններ նոր ջրագծերի կառուցման ու հների վերակառուցման, տասնյակ հազարավոր արդիական ջրաչափերի տեղադրման վերաբերյալ, որպես ապօրինությունների դեմ պայքարի թերեւս ամենաարդյունավետ միջոցի: Արվում է հնարավորինս այս գործում աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար: Քանզի խնդիրը ոչ միայն ապօրինի օգտագործված ջուրն է ու չհավաքագրված գումարները, այլեւ սոցիալական արդարության սկզբունքի պահպանությունը: Թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում, եւ անկախ սպառողի կարգավիճակից ու սոցիալական դրությունից: Հանուն ընկերության 550 հազար ակտիվ բաժանորդների՝ մատուցվող ծառայություններից հավասարաչափ օգտվելու իրավունքի ապահովման: Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն