Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում կառուցվում է Հայաստանում առաջին լեռնահեծանվային պարկը

Մարզեր
poxel

Վանաձորում ստեղծվում է Հայաստանի առաջին լեռնահեծանվային պարկը, որի աշխատանքների սկիզբը դրվել է 2016 թվականի օգոստոսին՝ Էկոլաբ հիմնադրամի աջակցությամբ։ Կառուցվող պարկը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի սահմաններում, մասնավորապես Փամբակ լեռան լանջերին։ Կառուցողները մի խումբ երիտասարդներ են, ովքեր սիրում են ակտիվ հանգիստ, բնություն և սպորտ։ «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնադիր Էմմա Պետրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախագիծը եզակի է և ուղղված է լեռնային հեծանվասպորտի զարգացմանը նպաստելուն։ Նա պատմեց, որ այլ երկրներում լեռնային հեծանվասպորտը զարգացնելու համար անտառային տարածքներում հատուկ հեծանվային ուղիներ են կառուցում, որոնք տարբերվում են լեռնահեծանվային սպորտի տարբեր ձևերով, բարդության մակարդակներով։ Ուղիները կառուցվում են մասնագետների կողմից ձեռքերով կամ հատուկ տեխնիկայով։ Հեծանվային ուղիների՝ տարբեր տեսակների և բարդության մակարդակների արահետների ամբողջությունն արդեն իրենից ներկայացնում է լեռնահեծանվային պարկ։ «Դա մի նախագիծ է, որը բարդություններով է իրագործվում, բայց մեր նպատակն է, որ Հայաստանում ունենանք այդպիսի մի տեղ հեծանվորդների համար։ Այն հարմար կլինի և օֆիսային աշխատողների համար, որոնք կցանկանան հանգստյան օրերն ակտիվ անցկացնել, և հեծանվասպորտով զբաղվողների համար, և արկածային հանգիստ նախընտրող զբոսաշրջիկների համար։ Տարբեր տեսակների, տարբեր մակարդակների արահետ է լինելու, իսկ գլխավոր նպատակը հեծանվային սպորտի զարգացումն է։ Հեծանվային արահետները շատ են տարածված Եվրոպական երկրներում, զարգացած է լեռնահեծանվային սպորտաձևը, սիրողական մակարոդակով ավելի մասսայական է, բայց ունի նաև պրոֆեսիոնալ մարզիկների համար նախատեսված մրցաշարեր,  աշխարհի գավաթներ, տարածված սպորտաձևի մի տեսակը նաև օլիմպիական մրցաձև է հանդիսանում», - ասաց Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ այժմ Վանաձորում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, իսկ գարնանը միջազգային կամավորներ են ընդունելու և սկսելու են պատրաստել առաջին հեծանվային արահետը, որը ձգվելու է 20 կիլոմետր, հնարավորություն կտա Վանաձոր բերել զբոսաշրջիկների ու սկսել աշխատեցնել պարկը։ Պլանավորված արահետն ընդգրկում է Փամբակ լեռնաժղթան, սկսվում է ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, իջնում է մինչև մոտ 1700 մետր։ «Լեռնահեծանվային պարկ նույնիսկ Վրաստանում չկա։ Այս պահին տեղում ունենք հանգստյան վայր, գիշերակացի տուն, տրանսպորտի հնարավորություն, դեռ հեծանիվներ չունենք, այժմ նպատակը հնարավորինս շատ կամավորներ ներգրավվելն է։ Փոքրիկ քաղաք է լինելու սարի վրա, որտեղ գործելու է նաև հեծանիվների վարձակալման կետ, անհրաժեշտ գույքի, տեխնիկայի ապահովման կետ, տարբեր ժամանցային գոտիներ։ Արահետը ձեռքով կառուցելու դեպքում աշխատանքները տևելու են 5,6ամիս», - պատմեց Պետրոսյանը։ Նրա խոսքով, նախագիծը բավականին մեծ ներդրումներ ու աջակցություն է պահանջում, սակայն Հայաստանում համապատասխան կառույցներն այդքան էլ հետաքրքրված չեն, լեռնահեծանվային սպորտի ու արկածային զբոսաշրջության մասին բավականաչափ տեղեկացված չեն. «Երկու տարի է արդեն մենք այդ գործով զբաղվում ենք կամավորական սկզբունքով, տեղեկատվություն ենք տարածում, մարդկանց բացատրում ենք, սակայն նույնիսկ տեղացիները բավականին անտարբեր են, գուցե այն ժամանակ, երբ արդեն հստակ աշխատատեղեր կունենանք, և տեղացիները կկարողանան աշխատել, իրավիճակը փոխվի, կլինի խթան սպորտի, արկածային տուրիզմի բնագավառում գործելու համար։ Ժամանակ է պահանջվում խնդիրները լուծելու համար»։ Պետրոսյանը նշեց, որ նախագծի ամբողջական իրագործման և աշխատացնելուց հետո, եկամտի մի մասը ուղղելու են սպորտի զարգացմանը, աջակցելու են մարզիկներին մեկնել միջազգային մրցումների։ Նրա խոսքով, հնարավոր չէ, որ Հայաստանում չզարգանան լեռնային սպորտաձևերը։ Պետրոսյանը նաև հայտնեց, որ Ինդիգոգո քրաուդֆանդինգային հարթակում տեղադրել են նախագիծը, դրամահավաքից ստացված գումարը ցանկանում են օգտագործել ծրագրի մասին տեղեկատվության տարածման վրա, որպեսզի դոնորներ գտնվեն։ Նվիրատուների համար նվերներ են պատրաստել, օրինակ՝ 20 դոլար նվիրաբերողը կստանա հայկական գրությամբ առաջին արշավական մեղատական բաժակ։