Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը

Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:

Մշտական խորհրդի նիստը բացեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով ներկայացրեց գագաթաժողովին ընդառաջ քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները, կազմակերպության առաջնահերթությունների, Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում գործունեությունը: Ելույթ ունեցավ նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Կրաբալը:

Ողջունելով Մշտական խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Տեր-Ստեփանյանն իր ելույթում մեծապես կարևորեց կազմակերպության գործունեությունն՝ ուղղված ճգնաժամային իրադրություններում հայտնված երկրներին աջակցելուն և ժողովրդավարական գործընթացների խրախուսմանը:

«Հայաստանը մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներին, ինչպես նաև Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներին՝ այդ առնչությամբ մեծապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի երիտասարդների ցանցում իրականացված խորհրդատվությունը «Միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի» մշակման գործում»։

Անդամ երկրների ներկայացուցիչներն  անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և օրակարգին առնչվող տարբեր հարցերի: Քննարկվեցին Երևանի հռչակագրի, որոշումների և գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծերը:

Կազմակերպության լիիրավ անդամների նիստում հաստատվեց 17-րդ գագաթաժողովին ուղղված՝ կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի վերաբերյալ հատուկ աշխատանքային խմբի զեկույցը: