Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում հարգանքի տուրք մատուցեցին Շառլ Ազնավուրի հիշատակին (տեսանյութ)

Հասարակություն
sharl4

Հոկտեմբերի 6-ին Կիեւի կենտրոնում հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը: Այն վարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ուկրաինայի մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ են մասնակցել հիշատակի միջոցառմանը: Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակը հարգելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի Հայկական համայնքի եւ «Ուկրաինայի հայեր» Քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, ուկրաինական եւ հայկական եկեղեցիների հոգեւորականներ, հայտնի հասարակական գործիչներ: Ներկաներին ցուցադրվել է Շառլ Ազնավուրի ստեղծագործության մասին ֆիլմ, ծաղիկներ են դրվել եւ մոմեր վառվել: Հոգեհանգիստներ տեղի կունենան նաեւ երկրի հայկական եկեղեցիներում: Հիշեցնենք, որ Կիեւում Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի միջոցառումները սկսվել են հոկտեմբերի 1-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան մոտ ծաղիկներ դնելով եւ մոմավառությամբ: Իսկ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ծաղիկներ է դրել Երեւանում Շառլ Ազնավուրի աստղի մոտ նույնանուն հրապարակում: Չորեքշաբթի Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը եւ Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում բացվել է ցավակցությունների գիրք: