Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի

Հասարակություն
vanecyan

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Աիդա Դավթյանը վերադարձրել է  Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի։ Դատավորը գտել է, որ ներկայացված հայցադիմումը եւ  դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման, քանի որ հայցադիմումում պարտադիր նշվում են հայցվորի անունը, հաշվառման վայրի հասցեն, ծանուցման հասցեն,  նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը, պատասխանողի անունը , հաշվառման վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակվելու վայրի հասցեն:  Իսկ հայցադիմումում նշված չեն հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անձնագրային տվյալները: Հայցադիմումում պատասխանող Արթուր Գագիկի Վանեցյանի հասցե նշված է ք.Երևան, Նալբանդյան փողոց, 104 շենք, «Սակայն պարզ չէ, թե այդ հասցեն Արթուր Վանեցյանի հաշվառման, թե բնակության վայրի հասցեն է, իսկ եթե դատարանն այդ հասցեն պայմանականորեն դիտարկի որպես գտնվելու վայրի հասցե, ապա այն թերի է, քանի որ նշված է միայն շենքի համարը, իսկ բնակարանի վերաբերյալ որևէ նշում չկա»,- գրված է որոշման մեջ: Բացի այդ դատավոր Աիդա Դավթյանը նշել է, որ նաեւ պահանջը հստակ չէ, քանի որ դիմել են զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով, իսկ խնդրառական մասում նշվել է՝ պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։  Դատարանը գտել է, որ  հայցադիմումը պետք է վերադարձնել հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար:  Կրկին դատարան դիմելու համար սահմանված է եռօրյա ժամկետ։  «Դատալեքս»  տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք նաեւ, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել նաեւ քաղաքագետ Արա Պապյանի դեմ։ Արա Պապյանից Սեդրակ Քոչարյանը պահանջում է  զրպարտության դիմաց 2 մլն դրամի փոխհատուցում, ինչպես նաև  հրապարակայնորեն հերքում։ Սակայն նշված չէ, թե ինչն են ցանկանում հերքել։