Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագա խորհրդարանում հրամայական է կառուցողական ընդդիմության ներկայությունը. ՀԴԿ  

Քաղաքականություն
90448ee6f32115788d247d9493f1098e

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Ապագա խորհրդարանում հրամայական է կառուցողական ընդդիմության ներկայությունը             Հարգելի հայրենակիցներ: Հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ են և անխուսափելի: Ստեղծված քաղաքական անհամաձայնության մթնոլորտը կարող է որոշակիորեն և անտեղի շեղել ընտրությունները բնականոն և ողջամիտ ժամկետում անցկացնելու ուղուց: Անցյալի հանցավոր արատներից ու սխալներից ձերբազատվելը առաջնային խնդիր է մեր հանրության համար: Մեզ բոլորիս պետք է հուզի մեկ բան՝ ինչպիսի՞ խորհրդարան ենք ուզում ձևավորել՝ բազմակուսակցական, այլընտրանքային, ազգային շահերը հետապնդող ծրագրեր ներկայացնող, գաղափարական մրցակցություն ապահովող, թե՞ նախկինի նման քաղաքական մենաշնորհ որդեգրած, մեկ, երկու կուսակցություն ներկայացնող, օրենքներ չքննարկող, այլ դակող, մեկ անձին ենթակա խամաճիկ կառույց: Մենք գտնում ենք, որ նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն  ընտրական օրենսգրքում, կուսակցությունների մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց, հանրության շրջանում իրական հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելուց հետո: Այսօր հրամայական է, որ ապագա ԱԺ-ում ներկայացված լինեն կառուցողական, գաղափարական ընդդիմության խմբակցություններ, որոնք կգործեն անկաշկանդ և մրցակցային պայմաններում: Սա է քաղաքական մշակույթի նորմը և սկզբունքը: Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա քաղաքական ուժերի և, հատկապես, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պաշտպանում և պաշտպանելու է բոլոր այն բարեփոխումները, որոնք ի սպառ բացառելու են հնի վերադարձը և նպաստելու են երկրի իրական զարգացմանը: Այս առումով վաղաժամ ենք համարում հրաժարական տալու վերաբերյալ վարչապետի որոշումը, քանի որ բացառված չէ հակամարտության վտանգը: Բոլոր վիճահարույց հարցերը, այդ թվում ԱԺ-ի արձակման հարցը, պետք է լուծել օրենքի տառին համապատասխան՝ օրինակ հանրաքվեի անցկացմամբ: Մտահոգությունը պայմանավորված է իրական ժողովրդավարական ամուր համակարգ ձևավորելու գաղափարով: Իսկ դրա ճանապարհը մեկն է՝ որքան էլ հանգամանքները չպարտադրեն, օրենքը չխախտել: Հակառակ պարագայում, նույն վտանգը սպասվում է այօրվա իշխանությանը:   Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն 04.10.2018թ.