Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը որդու քարոզարշավին չի մասնակցելու

Քաղաքականություն
Untitled-4

Պատգամավորների ճեպազրույցները՝ ԱԺ միջանցքներում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը  կողմ է Քաղաքացիական Պայմանագիր  կուսակցության  որոշմանը, որը չի պաշտպանելու իր որդու՝ Սևակ Միքայելյանի թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:  «Դա իմ ցանկությունն էլ ա։ Համաձայն եմ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» չպաշտպանի ու Հրազդանում ազատ, արդար ընտրություններ լինեն»: Պատգամավորը տեղեկացրեց՝  որդու քարոզարշավին չի մասնակցելու:  «Իմ որդին է թեկնածությունը դրել, ես չեմ դրել, ես քարոզարշավին չեմ մասնակցելու»: Սասուն Միքայելյանը հերքեց ԵԿՄ նախագահի պաշտոնում իր և Արամ Սարգսյանի միջև հնարավոր խնդիրների մասին լուրերը:  «Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ սպարապետի ընտանիքի հետ: Ինչ վերաբերում է թեկնածության հարցին, կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք»: Սասուն Միքայելյանը դեռ չի ընդունել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում  առաջադրվելու առաջարկը, բայց վստահեցնում է՝ իր հիմնական նպատակը կլինի երկրապահի վարկանիշը բարձրացնելը: Պատգամավորը պնդում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պարտադիր են, քանի որ օրենսդիր դաշտում անհասկանալի վիճակ է: «էս ԱԺ-ն ձևավորվել է ընտրակաշառք բաժանելու և շատ ռեսուրսներ կիրառելու արդյունքում»: ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառը վարչապետի մտահոգություններն են:  «Երբ Սահմանադրական իր իմունիտետը սպառվի մայիսի 9-ին, նա ԱԺ-ում կարող է ստանալ անվստահության քվե»։ Արմեն Աշոտյանը հասկանում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհանգստությունը: Ըստ նրա,  քաղաքական ուժերի հետ վարչապետի  բանակցությունները նպատակ ունեն չեզոքացնելու փոխադարձ մտահոգությունները:  «Այս հանդիպումների նպատակը որեւէ կողմին գոհացնելը չէ: Վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել այդ հանդիպմանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ ու ժպիտ պարգեւի: Նույնը` երեւի Նիկոլ Փաշինյանն է արել. չի եկել այդ հանդիպմանը, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ հեռանա»: Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց զերծ մնալ ավելորդ էմոցիաներից:  «Ներվը պետք է հանել բանակցություններից, վերջին հարցազրույցի ընթացքում, կարծես թե, վարչապետը մի քիչ նյարդային էր, պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ է խոսվել։ Մի դետալ կարող է մեկին ձեռք տալ, մյուսը՝ մեկին, և այդ դետալը դուրս հանելով, դու հարվածի տակ ես դնում ջենթլմենական պայմանավորվածությունը, որը կարող է ձեռք բերվել»: Արմեն Աշոտյանը ընդգծեց՝ բանակցային գործընթացի հաջողությունը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ մնացած խորհրդարանական ուժերի հանդիպումներից է կախված: