Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց դաս դատախազի մատուցմամբ

Մարզեր Պաշտոնական
dataxaz

ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր բաց դաս-քննարկում է անցկացրել Շիրակի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:   Մարզի դատախազը ներկայացրել է դատախազության հիմնական լիազորությունները: Առանձին քննարկման առարկա է դարձվել դատախազների գործառույթները քրեական հետապնդման հարուցման, մինչդատական քրեական վարույթի, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում  մեղադրանքի պաշտպանության,  դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները բողոքարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու ոլորտներում:   Կարեն Գաբրիելյանն անդրադարձել է մարզում հանցավորության ներկայիս ընդհանուր վիճակին և միտումներին: Կոռուպցիայի դեմ տարվող քրեաիրավական պայքարի ընթացիկ արդյունքների մասին խոսելիս նա շեշտել է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում նախորդ տարվա համեմատ մոտ 4 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պաճառված վնասի վերականգնման ցուցանիշը:   Անդրադարձ է կատարվել նաև մարզում անչափահասների և դեռահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ կատարվող հանցագործությունների նվազեցման անհրաժեշտությանը: Այս առումով մարզի դատախազը կանգ է առել նմանատիպ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների, այդ հարցում ուսհաստատությունների կանխարգելիչ դեակատարության վրա: Ներկայացվել են անչափահասների հետ կապված քրեական գործերով հատուկ վարույթներ կիրառելու, դատախազական ներգործության միջոցներ գործադրելու ընթացակարգերն ու պայմանները: Այդ համատեքստում Կ. Գաբրիելյանը կարևորել է ոստիկանության, մարզպետարանի հետ մարզի դատախազության համագործակցությունը, ինչը էական դեր է ունեցել անչափահասների կողմից հանցագործության դեպքերի նվազման համար: Բաց դասի ընթացքում մարզի դատախազը պատասխանել է ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների կողմից հնչած տարաբնույթ, այդ թվում նաև քրեական հետապնդում սկսելու և դադարեցնելու, հանցագործություն կատարած անձանց պատժի կրման  պայմանների, պատժից վաղաժամկետ պայմանական ազատման հիմքերին վերաբերող հարցերի: Ուսանողները հետաքրքրվել են հատկապես դատախազական համակարգում աշխատելու հնարավորություններով: Ներկայացնելով դրա համար նախատեսված կառուցակարգերը և շեշտելով, որ համակարգը միշտ պատրաստ է ընդունել պարկեշտ, բանիմաց, գիտակ և պրոֆեսիոնալ կարողությունները մշտապես զարգացնելուն պատրաստ երիտասարդ կադրերով՝ Կ. Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել ուսանողների մասնագիտական պրակտիկան մարզի դատախազությունում անցկացնելու հարցում համագործակցել ՇՊՀ-ի հետ: Ընդառաջելով բուհի ղեկավարության ցանկությանը և կարևորելով ուսանողների բավարար իրավական գիտելիքների ձեռքբերման, քաղաքացիական իրավագիտակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ նա խոստացել է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները և գտնել հնարավորություն համալսարանի իրավագիտության բաժնում դասախոսություններով հանդես գալու համար: