Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հագեցած ամիս՝ հայ արվեստասերների համար

Մշակույթ
arvestaget

Առաջիկա շաբաթները հագեցած կլինեն հայ արվեստասերների համար։ Հնարավորություն կլինի դիտելու տարբեր երկրների ավելի քան 70 արվեստագետների աշխատանքներն ու ինստալացիաները մի շարք ցուցասրահներում: «Հայկական բարեգործական ընդհանուր միության»  նախաձեռնությամբ հնարավոր է դարձել  Երևանում կազմակերպել «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» (ICAE2018): Ցուցահանդեսի մեկնարկն տրվեց այսօր ՀԲԸՄ-ում: «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» (ICAE2018)-ի շրջանակներում մինչ  հոկտեմբերի 25-ը Հայաստանի մայրաքաղաքի յոթ կարևոր վայրերում կցուցադրվեն ավելի քան յոթանասուն օտարերկրյա անվանի արվեստագետների գործեր: Միջոցառումը ներառում է նաև աշխատաժողովներ և զրույցներ արվեստի աշխարհի միջազգային մասնագետների հետ: Միջոցառման կազմակերպիչներից Ֆաբիո Լենցին նշում է, որ զարմանալի աշխատանք է տարվել՝ 70 արվեստագետների աշխարհի տարբեր ծայրերից հավաքել մեկ տեղում: «Մենք վստահ ենք և հավատում ենք, որ մշակույթը լավագույն ասպեկտն է սահմանները կոտրելու և նոր փոխանակումներ կազմակերպելու համար: Արվեստագետներից շատերը որոշել են գալ Հայաստան ծանոթանալու տեղական մշակույթի հետ: Այս գիտելիքների փոխանակումը մեկնարկային քայլ է մեզ համար տեղի գիտելիքներն ու արվեստը միջազգային շուկա դուրս բերելու համար»,- ասում է նա: Ծրագիրը բաղկացած է երկու տեսակի ցուցահանդեսներից. առաջինը «Ժամանակակից արվեստի ձայնային գծերն» են, երկրորդը՝ «Ժամանակակից արվեստի ազատ ձայները»: Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր, աշխարհահռչակ պատկերասրահներից և հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր, նկարիչների կողմից տեղում պատվերով կատարված գործեր: Ցուցասրահները տեղակայված են  ՀԲԸՄ-ում,  Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ),   ՀայԱրտ մշակութային կենտրոնում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի նկարիչների միությունում: