Օլիմպիական չեմպիոնը վարպետության դաս անցկացրեց Երեւանում (տեսանյութ)

Ռուսաստանի ձյուդոյի առաջին օլիմպիական չեմպիոն, հայազգի Արսեն Գալստյանը գտնվում է Երեւանում:

Նա այսօր Օլիմպավանում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների ձյուդոիստների հետ:

«Ես մրցումների եւ հավաքների ժամանակ միշտ շփվում եմ Հայաստանի մարզիկների հետ, քանի որ մենք հայրենակիցներ ենք, փորձում եմ ընկերություն անել, օգնել իմ խորհուրդներով: Յուրա Իսրայելյանին ես տեսել եմ տարբեր մրցաշարերում: Առաջին իսկ հայացքից երեւում է, որ հեռանկարային ձյուդոիստ է, պարզապես պետք է շատ մարզվել եւ ջանք ներդնել դրանցում: Ամեն ինչ իրենից է կախված հետագայում հաջողությունների հասնելու համար: Օգտվելով հարմար առիթից, ես այսօր անհատական մարզում կանցկացնեմ նրա հետ և մի քանի գործնական խորհուրդներ կտամ», – լրագրողների հետ զրուցելիս ասաց 2012թ օլիմպիական չեմպիոնը:

Հավելենք, որ ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականի մարզիկները բերկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Նրանցից Յուրի Իսրայելյանը պատրաստվում է Բուենոս Այրեսում կայանալիք 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերին: Մեր մարզիկը մրցավայր է մեկնելու հոկտեմբերի 2-ին, իսկ հինգ օր հետո մեկնարկելու են ձյուդոի մրցումները:

Ինչ վերաբերում է մեծահասակների հավաքականին, ապա ինչպես ասաց գլխավոր մրազիչ Արմեն Նազարյանը, մեր թիմը պատրաստվում է աշխարհի գավաթի հերթական խաղարկությանն ու մեծ մրցանակի մրցումներին:

Ի դեպ, նա և Ֆերդինանդ Կարապետյանը նոր են վերադարձել Թբիլիսիից, որտեղ նրանք կարճատեւ հավաք են անցկացրել՝ սպասելով Բաքվի պաշտոնական պատասխանին, որտեղ անցկացվելու էր աշխարհի առաջնությունը եւ կազմակերպիչները պետք է գրավոր տեղեկացնեին մեր պատվիրակության անվտանգության երաշխիքի մասին: Սակայն, Ադրբեջանը նման երաշխիք չի տվել եւ մեր մարզիկը ստիպված բաց է թողել աշխարհի առաջնությունը: