Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նույնպես կանչել են հարցաքննության. Աշոտ Մելիքյան

Հասարակություն
Ashot-Meliqyan

«Այս ընտրությունները որակապես տարբերվեցին նախորդ բոլոր ընտրություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Դա վերաբերում է նաև լրագրողների գործունեության պայմաններին։ Նույնիսկ խախտումները, որոնք արձանագրվել էին, չէին ապահովում այն գլոբալ խախտումների մթնոլորտը, որով հայտնի էին հայաստանյան ընտրությունները»։ Ըստ Աշոտ Մելիքյանի՝ լրագրողները կարողացան անկաշկանդ իրականացնել իրենց առաքելությունը, և սա առաջին դեպքն է, երբ լայնածավալ խոչընդոտումներ և ֆիզիկական բռնություններ տեղի չունեցան։ «Սա ունի պարզ քաղաքական պատճառ։ Քրեաօլիգարխիկ համակարգն ընտրություններից դուրս մղվեց այս անգամ։ Ուղղակի հնարավորություն չստեղծվեց լայնածավալ ընտրակաշառք բաժանելու, մեծ հաշվով նրանք չեն, որ կանխորոշում են ընտրությունների արդյունքը»։ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ այս ընտրությունները մեկ անգամ ևս փաստեցին,որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, ապա մեր հասարակությունը, մեր քաղաքացիները պատրաստ են առանց ընտրակաշառքների նորմալ գնալ ընտրությունների և կատարել իրենց պարտքը։ «Անցած տարվա Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք արձանագրել էինք շատ լուրջ 2 ֆիզիկական բռնության դեպք և 5 տարատեսակ խոչընդոտումների դեպքեր։ Երբ մենք համեմատում ենք այս ընտրությունների հետ, ապա տեսնում ենք, որ, իհարկե, իրավիճակը միանգամայն այլ է»։ Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև թիվ 8/05 ընտրատեղամասում միջադեպին, երբ խոչընդոտել էին  «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի աշխատանքը։ «Այն ինչ տեղի է ունեցել թիվ 8/5 ընտրատեղամասում, միանգամայն համապատասխանում է Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին կետին, որով նախատեսվում է տուգանք՝ սկսած 200 հազար դրամից։ Այս գործընթացի կարևորությունը կայանում է նրանում, որ ցանկացած ոք՝ թե հասարակ քաղաքացի, թե պաշտոնյան, պետք է հասկանան, որ անհետևանք դա չի մնալու և անպայման, պատասխանատվության ենթարկվելու են»։ Այս առումով՝ Աշոտ Մելիքյանը հիշեց «էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի դեպքերը՝ շեշտելով, որ վերջերս տուժած լրագրողներից մեկին և այն ոստիկանին, որը լրագրողին բռնության էր ենթարկել, հրավիրել են ՀՔԾ առերեսում իրականացնելու համար։ «Գործերի առթիվ հարցեր են ուղարկվել ՀՀ Կառավարությանը, Կառավարությունն իր պատասխաններն է տվել։ Նաև ասեմ, որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նույնպես կանչել են հարցաքննության այդ գործերից մեկով»։