Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու. «Իմ քայլը»  դաշինքի խոսնակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1-44

Երեւանի ավագանու ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչներ: «Այս անգամ քաղաքացիները համոզված էին, որ իրենց քվեն չի կեղծվել: Իհարկե, փոքր խախտումներ եղել են, բայց նման որակի ընտրություններ Հայաստանում  երբեւէ  չէին եղել։ Հեղափոխությունը մտավ քաղաքապետարան եւ սա հաստատեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պարտադիր են»,-ասաց «Իմ քայլը»  դաշինքի խոսնակ Վահան Կոստանյանը: «Այս ընտրությունները բացառիկ էին իրենց թափանցիկությամբ, արդարությամբ: Ինձ անընդհատ հարցնում էին ընտրախախտումների մասին, ես ասել եմ, որ չենք արձանագրել: Գլխավոր խնդիրն այն էր, որ քաղաքացիները նկարում ու հրապարակում էին իրենց քվեաթերթիկը, ինչը թույլատրելի չէ, մենք ասել ենք, որ նման բան չանեն»,- ասաց  «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը: Այս ընտրությունները չպետք է դիտարկվի որպես կենաց-մահու կռիվ, նշեց  ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը: «Ավելի շատ նման էին հին ու նորի կռվի, ավելի շատ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քվե տալու, քան թեկնածուներին ու ծրագրերին քվե տալու: Ամեն դեպքում ընտրություններն արդար էին, լավ կլինի, որ հեղափոխությունը տեղափոխվի պետական ատյաններ  և բարեփոխումներ լինեն»: ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Աբովյանն իր խոսքում նշեց, որ արդեն շնորհավորել են հաղթող ուժին և հույս ունեն, որ «Իմ քայլը» դաշինքը հետամուտ կլինի  ծրագրերի իրականացմանը։ «Ժառանգություն» կուսակցությունը եւս ընդունել է ընտրությունների արդյունքը, ասաց կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը: «Ընտրությունները  լեգիտիմ էին, բայց այս  ընտրությունների ժամանակ դեռևս թևածում էր Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ուրվականը, հույս ունեմ, որ դա վերջինը կլինի որպես ընտրություն, որի ժամանակ կթևածեն այդ ուրվականները»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը: Քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու, ասաց «Իմ քայլը»  դաշինքի խոսնակ Վահան Կոստանյանը: «Ովքեր մաքուր են և պրոֆեսիոնալ, կմնան, մյուսները, կարծում եմ, քաղաքապետարանում ստեղծված նոր իրողություններից ելնելով իրենք կհեռանան»,- եզրափակեց նա: