Արթուր Վանեցյանը ականատես չեղավ «Ալաշկերտի» կամային հաղթանակին
Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Նախ հանրապետության չեմպիոն «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի միանձնյա առաջատար Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին: Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց հյուրերի աֆրիկացի լեգիոնական Ինգբեդեն: Հանդիպման 61-րդ րոպեին «Լոռին» մնաց 10 հոգով, քանի որ թիմի պաշտպան Անտվին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց դաշտից: «Ալաշկերտը» լիովին օգտագործեց թվային առավելությունը, 64-րդ եւ 69-րդ րոպեներին երկու գոլ խփեց եւ կամային հաղթանակ տարավ: Երկու դեպքում էլ աչքի ընկավ փոխարինման մտած Ջեֆերսոնը: Ի դեպ, «Ալաշկերտ» - «Լոռի» խաղի ներկա էր նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ նախագահ Արթուր Վանեցյանը, սակայն նա չմնաց մինչեւ հանդիպման վերջը եւ ականատես չեղավ «Ալաշկերտի» հաղթանակին: