Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահում են բոլորը, շահում ես դու. Զոյա Թադեւոսյան

Հասարակություն
zoya

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զարգացման «բանաձևին»: «Հայաստանի հանրապետության անկախության տարեդարձի առիթը, թավշյա հեղափոխությունից հետո, պարտավորեցնում է դառնալ մշակն այն գիտակցման, որ յուրաքանչյուրս, ամեն մեկս ենք մեր սիրասուն հայրենիքի առաջընթացի պատասխանատուն՝ մոռանալով զարգացմանը խոչընդոտող անձնական շահի, եսասիրական նկրտումների մասին: Վստահ եմ, որ առաջադեմ հանրությունը գերազանց տիրապետում է զարգացման «բանաձևին»: Շահում են բոլորը՝ շահում ես դու: Շահում են բոլորը, երբ համամարդկային արժեքների դավանողները մեծամասնություն են: Լինելով գիտության և կրթության ոլորտի երկարամյա մշակ՝ անվարան կարող եմ պնդել, որ բարձրագույն կրթությունը զարգացման բանաձևում ունի անվիճելի, անգերազանցելի դերակատարություն: Գիտակրթական ոլորտի արմատական բարեփոխումները պետք է դառնան ոչ միայն կատարելագործման անձնական և հասարակական խթանները, այլև արժանապատիվ ապրելու ուղենիշները: Այդ առումով, գուցե ձանձրացնեմ ընկերներիս, բայց ձեր թույլտվությամբ կանդրադառնամ ինձ համար մայր բուհ դարձած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջիկա գործունեության մի դրվագին, որը լիարժեք տեղավորվում է վերոհիշյալ բանաձևի մեջ: Կարծում եմ, յուրաքանչյուրս էլ համաձայն ենք, որ մասնագիտական կրթական ծրագրերի որակի հետևողական բարձրացման, դրա հետազոտական բաղադրիչի էլ ավելի գործնական նշանակվածության ուժգնացման համար համապարփակ միջոցառումների մշակումն ու կիրառումը 21-րդ դարի գիտնականի, դասախոսի և ապագա մասնագետի գերխնդիրն է: Տեղեկատվական հասարակությունն ու տեխնոլոգիական առաջընթացը այս գաղափարի իրագործումը դարձրել են աներկբա: Այս խնդիրները չեն կարող և ուրախ եմ որ չեն շրջանցել մեր համալսարանը: ՀՊՏՀ 2018-2022 թթ. զարգացման ռազմավարության մշակման խմբին հաջողվել է ստեղծել միանգամայն իրատեսական զարգացման ծրագիր, որում հաշվի են առնվել բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի և հատկապես մեր համալսարանի մասնագիտացման բնագավառի սրընթաց վերափոխումների ամենահոռետեսական սցենարները: Ներբուհական քննարկումների արդյունքում Ռազմավարությունն արժանացել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հավանությանը և դա փաստում է այս գործընթացի գլխավոր շահառուների՝ արմատական բարեփոխումների իրականացնելու պատրաստակամության մասին:  Ռազմավարության կարևոր բաղադրիչներ են կրթական ծրագրերի որակը և համալսարանի գործունեության արդյունավետությունը: Արդյունավետության թիրախում միևնույն գործընթացը կրկնող ստորաբաժանումների և հաստիքների օպտիմալացումն են, ինչպես նաև անցումը էլեկտրոնային համալսարանին: Այն ներառում է Մուդլ համակարգի, էլեկտրոնային դեկանատի համակարգի ներդրում, էլեկտրոնային անվճար ու վճարովի գրականության ռեսուրսներին և հետազոտական արդյունքներին հասանելիության բարձրացում և այլն: Որակի բաղադրիչը ենթադրում է կրթական ծրագրերի արմատական վերանայում, դրանց կիրառական և հետազոտական բաղադրիչների շեշտադրում, կրթական ծրագրերի որակյալ սպասարկումն ապահովող բանիմաց, դասավանդման նորարարական հմտությունների տիրապետող մասնագետների պատրաստում և վերապատրաստում: Ակնհայտ է, որ նոր Ռազմավարությունը նաև ուսանողակենտրոն է: Այս մասին են վկայում ուսանողների կամընտրության դրսևորման շեշտակի աճին նպատակամիտված միջոցառումների մեծաթիվ լինելը:  Անձնապես ինձ ոգևորում է հակակոռուպցիոն միջոցառումների, ինչպես նաև ուսանողների գնահատման գործընթացի թափանցիկության բարձրացմանը միտված միջոցառումների բաղադրիչի առկայությունը Ռազմավարությունում: Այդ ուղղությամբ արդեն տեսանելի քայլերի իրականացվել են, ինչին անդրադարձել եմ իմ նախորդ գրառումներում:  Գնահատելի է, որ ըստ զարգացման ծրագրի, հետայսու ՀՊՏՀ կրթական գործունեությունը պետք է ուղեկցվի համալսարանի հետազոտական կարողությունների ընդլայնմամբ, հետազոտական արդյունքների հանրայնացմամբ և առևտրայնացմամբ, մասնագիտացված ծառայությունների որոշակի շուկաներում բուհի ներկայացվածությամբ, ինչպես նաև միջազգայնացման ակտիվացմամբ: Սա պարտավորեցնում է, որ բոլորս միահամուռ պետք է աջակցենք Ռազմավարության իրականացմանը՝ Հայաստանի կրթության շուկայում ուրույն տեղ զբաղեցնելու և մեր ապագա գործընկերների ու հանրության վստահությունը շահելու համար»: