Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախության օրը մայիսի 28-ն է. «Սասնա ծռեր»

Պաշտոնական Հասարակություն

1991 թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեն հակասական խորհուրդ և նշանակություն ունի հայության և նրա պետականության համար: Այդ հանրաքվեն կարևոր և հիշարժան է այնքանով, որ ցույց տվեց հայության իղձն ու կամքը՝ ԽՍՀՄ անունը կրող Ռուսական կայսրությունից ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան պետականությամբ իր ճակատագիրը տնօրինելու վերաբերյալ: Ինչ վերաբերվում է մեր այսօրվա դե յուրե անկախությանը, ապա այն որոշիչ մասով ԽՍՀՄ-ի լուծարման ինքնաբերական հետևանք է: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 21-ի հանրաքվեն՝ որպես իրավաքաղաքական նպատակ հետապնդող և նույնպիսի հետևանքներ առաջացնող ակտ. ա) առանց արցախաբնակ հայերի անցկացնելը ոտնահարել է հայության՝ որպես իրավունքի մեկ ամբողջական ու անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ լինելու, այդ կերպով իր կամքն արտահայտելու և ինքնորոշվելու իրավունքը, քանի որ միայն նախկին ՀԽՍՀ տարածքում բնակվող հայության շրջանում անցկացվելու իրավական ու փաստական հանգամանքների ուժով իրարից տարանջատել և նույնիսկ միմյանց է հակադրել տվյալ պահին հայության իրավազորության տակ գտնվող տարածքում բնակվող և համայն հայության անունից քվեարկելու հնարավորություն ունեցող ՀՀ-աբնակ և Արցախաբնակ հայերին ու նրանց ինքնորոշման իրավունքը, բ) առ ոչինչ է դարձրել Արցախը Հայրենիքին դե յուրե վերամիավորելու վերաբերյալ համայն հայության կամքն արտահայտող ու իրավապատշաճ ձևով ընդունված իրավական ակտերի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը և Հայաստանի անկախության մասին 1990թ. օգոստոսի 23-ի՝ Հայաստանին Արցախի վերամիավորման վերաբերյալ դրույթները, գ) չի ճանաչել իր Հայրենիքին և այլ անօտարելի իրավունքներին վերատիրանալու հայության իրավունքը և 1-ին Հանրապետության ժառանգորդությունը, քանի որ ընդամենը ամրագրում է միայն նախկին ՀԽՍՀ տարածքով ԽՍՀՄ-ից անկախ լինելու հանգամանքը, մինչդեռ ԽՍՀՄ-ը՝ դրա կազմում ՀԽՍՀ-ի հայտնվելու մասով ձևավորվել է Հայաստանի 1-ին Հանրապետության վրա Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի համատեղ ռազմական հարձակման, նրա զավթման և մասնատման արդյունքների հիման վրա, ուստի ԽՍՀՄ-ից անկախանալու հանրաքվեն պետք է առնվազն արձանագրեր Արցախը Հայաստանի կազմում լինելու փաստը և ԽՍՀՄ-ի իրավազորության տակ գտնվող հայապատկան տարածքով ինքնորոշման հայտը, ինչպես նաև 1-ին Հանրապետության ժառանգորդությունն ու Հայրենիքի վերատիրացման իրավունքը՝ չեղյալ ճանաչելով դրանց ու միջազգային իրավունքին հակասող բոլոր, այդ թվում՝ Մոսկվայի, Կարսի և ԽՍՀՄ-ի կազմավորման, միջազգային պայմանագրերը: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, ի թիվս Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի (բացառությամբ դրա՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու և 1-ին Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները շարունակելու վերաբերյալ դրույթներից), Արցախի այսպես կոչված անկախացման ակտերի, ԱՊՀ համաձայնագրի և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ՀԽՍՀ տարածքով ամրագրելու վերաբերյալ այլ միջազգային ու ազգային ակտերի, ձևավորում է այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը: Օբյեկտիվորեն ղեկավարվելով այդ ապազգային, Հայոց պետականության գոյության և գործունեության իրավաքաղաքական հիմքերը խախուտ և ոչ լեգիտիմ դարձնող հայեցակարգով, այսպես կոչված 3-րդ Հանրապետությունը. ա) իր ծնունդն ազդարարել և իրեն դիրքավորել է որպես միջազգային իրավունքին հակառակ կնքված զավթչական պայմանագրերով հայության առաքելությունը մերժող, նրա Հայրենիքի իրավունքը չճանաչող ու ոտնահարող և 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած ու ինքնիշխանությունից զրկած ռուս-թուրքական գործակցության մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ և, ի արդարացում ու հիմնավորում այս հանգամանքին, ԽՍՀՄ կազմում ներառված այդ վարչատարածքային միավորը ճանաչում է որպես 2-րդ հանրապետություն, բ) ինքնակամ կերպով հրաժարվում է ազգային առաքելության վերաստանձնումից ծնվելիք և Հայրենիքի իրավունքի ու 1-ին Հանրապետության ժառանգորդության պարունակած ներուժից՝ ինքն իրեն զրկելով պետականությունը պահպանելու և տարածաշրջանում հայկական գործոն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու և ազգային առաքելությունը վերաստանձնելու կարողությունից, գ) Արցախն օտարում է Հայրենիքից և նրան մատնում կորստյան իրական սպառնալիքի, դ) իր պետական կառավարման համակարգը, տնտեսությունը և արտաքին հարաբերությունները կառուցում և վարում է ռուս-թուրք զավթչական գործակցությամբ 1920-21 թ.թ. ձևավորված տարածաշրջանային հակահայ ճարտարապետության հենքի վրա և Ռուսաստանի Դաշնության առանցքի շուրջ ստեղծվող նորգաղութային ձևաչափերի մեջ՝ վտանգելով պետականությունը, ազգի գոյությունն ու Հայրենիքի ապագան: Այս ամենի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում. ա) մերժել այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը և 1991 թ. սեպտեմբերի 21-ը ընդունել սոսկ որպես ինքնիշխան պետականությամբ Ռուսական կայսրությունից ազատ ու անկախ ապրելու համազգային իղձի և կամքի ցույցի օր, բ) որդեգրել հայության համամարդկային առաքելությանը հետամուտ, Հայրենիքի վերատիրացման իրավունքի և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ և որպես անկախության օր տոնել 1-ին Հանրապետության ստեղծման օրը՝ Մայիսի 28-ը, գ) պատրաստվել Արցախը ՀՀ-ին դե յուրե միավորմամբ, 1-ին Հանրապետության ժառանգորդության ընդունմամբ և Հայրենիքի վերատիրացման իրավունքի հայտի ներկայացմամբ Նոր Հանրապետություն հռչակելու ձևով ինքնորոշվելուն և այդ ուղիով մեր ճակատագիրը տնօրինելուն: «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խումբ