Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում Ազգային ժողովում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jjjjjjjjj

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տրվել է ընդունելության մեկնարկը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ողջույնի խոսքերով հանդես են եկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրհնության խոսք է հնչեցրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերը խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ շրջել են ՀՀ ԱԺ շենքում տեղակայված նորաբաց թանգարանում եւ մամուլի ակումբում: Հրավիրյալները դիտել են նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսը: Նորաստեղծ թանգարանում իրենց ուրույն տեղն են գտել ինչպես օտարերկրյա այցերի ընթացքում ՀՀ խորհրդարանին նվիրաբերած, այնպես էլ մեր երկիր այցելած տարբեր պետությունների պատվիրակությունների կողմից տրված հուշանվերները: Ցուցահանդեսում ներկայացված են 1918 թվականի օգոստոսի մեկից՝ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստից մինչ օրս մեր երկրի օրենսդիր մարմնի գործունեության ողջ ներկապնակն արտացոլող ֆոտոնկարներ, փաստաթղթեր, ցուցակներ եւ այլ նյութեր: Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը եզրափակվել է խորհրդարանի այգում հրավիրվածների համար կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ, որի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի կատարմամբ հնչել են երաժշտական կատարումներ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: