Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրային կոմիտեն քննարկել է Սևանից հավելյալ ջրառի հարցը

Տնտեսություն
1-35

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ: Սակայն վերջին տարիներին հանձնաժողովը պարապուրդի էր մատնվել,  անգամ  նիստեր չէին գումարվում: Այնինչ, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարվեն առնվազն 3 ամիսը մեկ, ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության: Իր պաշտոնավարման առաջին իսկ  օրերից Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը կարևորել է հանձնաժողովի դերը, անընդունելի  համարել նման  ներուժ ունեցող մասնագետների արհեստական անգործությունն ու առաջարկել հանձնաժողովին վերադառնալ ակտիվ օրակարգ  և օր առաջ անցնել համակարգում կուտակված հրատապ խնդիրների քննարկմանն ու օպտիմալ լուծումներ առաջադրելուն:  Այսօր արդեն կայացել է հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Հովհաննես Թոքմաջյանի նախագահությամբ: Նիստին ներկա է եղել  նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, որ հանձնաժողովի անդամներին առաջարկել է ակտիվ մասնակցել այս և առաջիկա մյուս քննարկումներին, քանի որ անելիքներն ու ակնկալիքն իրենցից շատ են:  «Համատեղ անելիք շատ ունենք,  պետք է կարողանանք առավելագույնս կենտրոնացնել մեր մասնագիտական  փորձն ու ներուժը և ավելի արդյունավետ գործել: Լրջագույն անելիք ունենք մեր ռազմավարական  խնդիրների լուծման,  ջրային  տնտեսության վարման ճանապարհին»,-ասել է Ջրային կոմիտեի  նախագահ Ինեսսա Գաբայանը:        Նիստում անդրադարձ է եղել նաև Սևանից հավելյալ ջրառին: Կոմիտեի նախագահը ներկայացրել է փաստացի տվյալներ, պարզաբանել, թե ինչպես է բաշխվել Սևանից վերցվող ջուրը: Օրվա դրությամբ արդեն  իսկ ջրառը  կազմել է 195.6 մլն խ/մ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է մարզերում հետևել  ոռոգման ջրի բաշխման գործընթացին, արձանագրվող թերացումներին հնարավորին արագ լուծումներ ու կարգավորումներ են  տրվում:      «Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում: Այդ նպատակով,  գիտեք, միջգերատեսչական աշխատանքային խումբ է գործում և մենք գրեթե ամեն  օր մարզեր ենք  այցելում, տեղում պատկերն ավելի հստակ ենք տեսնում: Այն, որ ոռոգման համակարգը վատ վիճակում է, ակնհայտ է և առաջին հերթին դրանով են պայմանավորված մեծ կորուստները, շուրջ 50 տոկոսի չափով: Համակարգում  իրականացվող արդիականացման  ցանկացած աշխատանք ջրամատակարարման բարելավման հետ նաև կորուստներն է նվազեցնում, սակայն դրանք դեռևս շատ քիչ են՝ էապես եղանակ փոխելու համար: Մեր խնդիրն է վերացնել, բացառել մարդկային  գործոնով պայմանավորված կորուստները»,- ասել է կոմիտեի նախագահը:       Օրակարգային հարցերից նիստում անդրադարձ է եղել  Ազատի ջրամբարին: Քննարկվել է հատակային ջրթողի վթարային աշխատանքների նախագծային լուծումների ճշգրտման նպատակով՝ մեռյալ (9.2 մլն մ3) ծավալից ոռոգման նպատակով ջրի թողքեր կատարելու (6-7 մլն մ3) նպատակահարմարության հարցը:        Օրակարգում նաև Արփի լճի տեխնիկական վիճակի քննարկումն էր. պատվարի ստորջրյա մասի տեխնիկական վիճակը ճշտելու, հնարավոր ջրամեկուսացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ առկա ջրի ծավալը Ախուրյանի ջրամբար տեղափոխելու նպատակահարմարության հարցը:         Կարևորելով Ջրօգտագործողների ընկերությունների դերը,  հանձնաժողովը քննարկել է նաև  ՋՕԸ և ՋՕԸՄ կանոնակարգող խորհրդի մասին՝ ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:                             ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի լրատվական ծառայություն