Գազալցակայաններում և այլ վայրերում գործող խաղային ապարատները պետք է հանվեն. Փաշինյան

Կառավարության նիստում «Խաղային բնագավառի կարգավորումներում որոշակի փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գազալցակայաններում և այլ վայրերում գործող խաղային ապարատները պետք է հանվեն այդ տարածքներից և հնարավորինս շուտ

«Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհանրապես աբսուրդ է։ Մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը` մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է մի քաղաքականություն տանենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ մյուսը», – ասաց վարչապետը՝ հավելելով. – «Խնդիրը շատ հստակ է՝ գազալցակայաններում և ամենուր տեղադրված էդ ապարատները պետք է դուրս բերվեն՝ հնարավորինս շուտ ժամկետներում, սա՝ առաջինը, երկրորդը՝ էդ փողոցային թակարդները, որոնք են մեր բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գոյությունը սահմանափակվի և ի վերջո դրանք նույնպես դուրս գան։ Էս առաջինը պետք է անել շատ արագ և շատ վճռական, իսկ երկրորդը պետք է ավելի մտածված անել»։

Խոսելով տնտեսական կառուցվածքի մասին Փաշինյանը նշեց, որ  ներկայիս գործող կառուցվածքը  չի բավարարում։

«Հաշվի առնելով այն, որ մեր տնտեսությունն իրենից ներկայացնում է ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական, մոլախաղեր, ընդերքի արտահանում, էս տնտեսական կառուցվածքը չի կարող մեզ ոչ մի կերպ ձեռնտու լինել։ Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռևերսի, փոփոխության շրջանում մենք նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին», – ասաց վարչապետը:

«Ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար, այս երեք խնդիրը մենք պետք է լուծենք», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: