Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյան. Այս ընտրություններում չկան կուլիսային պայմանավորվածություններ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hghghghghg

«Իմ քայլը» նախընտրական դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Մալաթիա-Սեբաստիայում։ Վարչապետին Մալաթիայի բնակիչները դիմավորեցին ջերմ ծափողջույններով։ Վարչապետն ասաց. «Կարևորն այն է, որ ընտրություններում հաղթի ժողովուրդը»։ Փաշինյանն անդրադարձավ քարոզարշավի բնույթին. «Նախկին բոլոր ընտրություններում մարդիկ ասում էին՝ ամեն ինչ որոշված ա, ինչու մասնակցենք ընտրության։ Սա առաջին ընտրությունն է, որ արդյունքների վերաբերյալ չկա կուլիսային պայմանավորվածություն։ Սա Հայաստանի պատմության առաջին դեպքն է, երբ իշխող քաղաքական ուժը այլ ուժերի հետ չի բանակցում քաղաքական դաշտը կիսելու շուրջ»։  «Սա առաջին ընտրությունն է, որ քաղաքական թիմերը թատրոն չեն խաղում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Քարոզարշավին մասնակցող ուժերից առնվազն երեքն ունեն իրենց վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություն, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ չունի»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ «Եթե մեկ շաբաթ առաջ կարելի էր խոսել հակահեղափոխության մասին,ապա այսօր վստահ կարող եմ ասել ՀՀ հպարտ քաղաքացինե՛ր, ձեր իշխանությանը Հայաստանում ոչինչ չի սպառնում»,- ընդգծեց վարչապետը՝ հավաստիացնելով, որ ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ չեն լինելու։  «Հայաստանում կա միայն մեկ ուժ, որի տեսակետի փոփոխությունից կարող է Հայաստանում իրավիճակ փոխվել»,- հիշեցրեց վարչապետն այն քաղաքական ուժերին, ովքեր քննարկում են, թե գուցե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նպատակահարմար չէ։ Վարչապետն անդրադարձավ և այն մեղադրանքներին, թե կադրերն անփորձ են. «Աշխարհում ոչ մեկ չունի այն բանի փորձը, ինչ մենք Հայաստանում արել ենք»։ «Քանի ես վարչապետ եմ, Հայաստանում արտոնյալ մարդ չի լինելու»,- խոստացավ Փաշինյանը։ Նա բացատրեց, թե ինչու է երբեմն կոշտ հայտարարություններ անում. «Ժամանակ առ ժամանակ ոմանց հիշեցնում եմ, որ մեր ժպիտները որպես թուլություն չընդունեն»։ Ժողովրդին դիմելով՝ վարչապետն ասաց. «Սեպտեմբերի 23-ին դուք եք որոշելու՝ ի՞նչ քաղաքական համակարգ եք ուզում։ Ամեն ձայնն ունի պատմական նշանակություն։ Եթե ուզում եք, որ քաղաքական պրոցեսները ոչ թե կուլիսային, այլ հրապարակային լինեն, պետք է քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին։ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը ժողովուրդն է կայացրել, և ով այդ որոշմանը դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն։ Այդ ուժերն այս ընտրություններում ընդհանրապես ձայն չպետք է ստանան»,- կարծիք հայտնեց վարչապետը։ Վարչապետը կոչ արեց սեպտեմբերի 23-ին ընտրական տեղամասերում պաշտպանել ժողովրդի իշխանությունը։