Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում նոր հակամարտություն է ձեւավորվում. փորձագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-54

Սիրիայի Իդլիբի շրջանում կստեղծվի ապառազմականացված գոտի։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նախօրեին՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում:  «Սա Թուրքիայի համար հնարավորություն է, որ իր ներկայությունը Սիրիայում լեգիտիմացնի, իսկ Ռուսաստանը  նման համագործակցության միջոցով փորձում է  ինչ-որ տարաձայնություններ մտցնել  ՆԱՏՕ-ի մեջ»,- ասում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Իրանը եւ Միացյալ Նահանգները ողջունել են բանակցությունների այսպիսի ելքը: Փորձագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի կարծիքով՝ Իրանը չնայած նրան, որ մշտապես դեմ է եղել Թուրքիայի առաջխաղացմանը, հիմա հասկանում է, որ ինքն է կանգնած լուրջ մարտահրավերների առջեւ: «Արեւմտյան պատժամիջոցներ կան, Իրանի ներսում իրավիճակը հեղհեղուկ է, տնտեսական բարդություններ կան, նրանք փորձելու են ողջունել այն դաշինքը, որն իրենց դեմ ուղղված չէ»: Ապառազմականացված գոտի ստեղծելու ծրագիրը Սիրիայի իշխանությունները չեն խրախուսում:  Իդլիբը ծայրահեղական ընդդիմադիր զինյալներից ազատագրելը Սիրիայի որոշումներից է: «Իհարկե Սիրիայի իշխանությունները որոշակի դժգոհություն են հայտնել, ասելով, որ եթե խնդիրներ լինեն այդ տարածքում, ապա ստիպված կլինեն միջամտել, նաեւ ռազմական ձեւով»,-նշում է փորձագետը: Ռուսաստանի եւ Թուրքիայի դերակատարության բարձրացումն  այս տարածաշրջանում լի է վտանգներով,- ասում է փորձագետը: Դրա ապացույցը  համարելով երեկ ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանումը, որի արդյունքում զոհվեց 15 ռուս զինծառայող: ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է իսրայելական օդուժի կողմից: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ կդիմեն  համարժեք պատասխան գործողությունների: «Մենք այսօր ականատես եղանք Իսրայելի կողմից ստոր քայլի ռուսական կողմի դեմ: Արեւմուտքը կանգնելու է Իսրայելի կողքին, Թուրքիան՝ Ռուսաստանի»: Սա խոսում է այն մասին, որ խաղաղություն ստեղծելու հնարավորությունները մի քանի ամսով հետաձգվելու են: Եվ այս ֆոնին հայկական զորքը Սիրիա ուղարկելն արդարացված չէ, համոզմունք է հայտնում Հրանտ Մելիք Շահնազարյանը: «Հումանիտար օգնություն ենք ցուցաբերել Սիրիային պարբերաբար, մենք փորձել են չդառնալ գործիք այլ պետությունների ձեռքին: Սա ցավոք սրտի զիջվեց նոր իշխանությունների կողմից»: Սա զուտ ռուսասական կողմի պահանջն է,  կարծում է փորձագետը: «Ռուսները մշտապես փորձել են ապահովել միջազգային աջակցություն Սիրիայում, եւ ավելի մեծացնել ՀԱՊԿ-ի ներկայությունը»: Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պարզաբանել էր, որ Հայաստանը զինծառայողներ չի ուղարկելու Սիրիա, այլ ականազերծման մասնագետներ, բժիշկներ, որոնք օգնելու են Հալեպի հայկական բնակչությանը։