Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկել Մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը. Լ. Նազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
lena-nazaryan

 «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ՀՀԿ-ի հետ առնչվող մարդիկ չկան, այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան  ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:   «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդամենը անուն-ազգանունի համընկնում է։ Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է, մենք պատկերացում չունենք՝ ում մասին է խոսքը»: Հարցին, թե ԲՀԿ-ն մեղադրում է «Իմ քայլին» իր դեմ սև PR անելու մեջ, Նազարյանը նշեց, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: ««Ծառուկյան» դաշինքը ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ։ Նաիրա Զոհրաբյանն էլ այն պատգամավորներից է, որ կողմ է քվեարկել Մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը»,- ասաց նա: Լենա Նազարյանը հիշեցրեց, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Նրա կարծիքով՝ կառավարությունում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցությունը նույնպես պարտադրված է։  «Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, դրանք սովորական պայմաններ չէին: Նիկոլ Փաշինյանին, որ ընտրեցին վարչապետ, դա պարտադրանք էր, այդ պարտադրանքը փողոցից էր՝ քաղաքացիների ճնշմամբ դա իրականացվեց, իրենց բարի կամքով դա չիրականացվեց եւ մեր համագործակցությունը կառավարության հետ նույնպես այդ իմաստով պարտադրված էր, ոչ թե մեր ընտրությունն էր մեծ հաշվով: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքների ժամանակ ասած խոսքերին տարբեր, ես չէի ուզի մեկնաբանել»:  Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն արվում են ի պատասխան, ասում է Լենա Նազարյանը:  «Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառք են բաժանում և, ըստ էության, այդ կոշտ արտահայտություններն ուղղված են այն անձանց, քաղաքական գործիչներին, ովքեր գործում են հեղափոխության արժեքների եւ օրինականության դեմ: Մենք խոստացել ենք ազատ ու արդար ընտրություններ, եւ, եթե կլինեն մարդիկ, քաղաքական գործիչներ, կամ ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք, ըստ էության, վտանգում են ընտրությունների օրինականությունը եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան եւ պետք է այո, քշվեն Հայաստանից»: Լենա Նազարյանը նշեց, որ իրավապահ մարմիններին արդեն  փոխանցել են տեղեկություններ՝ ընտրակաշառքի բաժանման հետ կապված: