Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու. Զ. Մնացականյանը՝ ԱՀ ԶԼՄ-ներին (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled-49

 
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Արցախի լրատվամիջոցներին
 
 
Հարց. Պարո՛ն նախարար, կներկայացնե՞ք, թե ինչ օրակարգով եք այցելում Արցախ, ի՞նչ հանդիպումներ եք անցկացրել:
Զոհրաբ Մնացականյան. Սա մեր խորհրդակցությունները և համագործակցությունը մշտապես ակտիվ պահելու գործառույթներից է: Մեզ համար սա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև առիթ է՝ միասին գնահատելու ներկայիս իրավիճակը, միասին խորհրդակցելու և ուրվագծելու այն բոլոր քայլերը, որ մենք միասին կատարում ենք: Սա միասնական աշխատանք է: Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին, և վերջնական որոշումն ու որոշիչ ձայնն այս հարցում պատկանում է Արցախին: Եվ առանց խորհրդակցելու, առանց միասին աշխատելու մենք չենք կարող որևէ լուրջ առաջընթաց գրանցել: Սա էր այցի առաջնային նպատակը: Սա մշտական գործընթաց է, շարունակական գործընթացի հատվածներից մեկն է: Շատ շնորհակալ եմ և՛ Հանրապետության նախագահին՝ պարոն Սահակյանին, և՛ գործընկերոջս՝ արտգործնախարար Մայիլյանին: Նաև առիթ ունեցա հանդիպել Ազգային ժողովում: Այդ բոլոր հանդիպումների ընթացքում մենք խոսեցինք ներկայիս դրությամբ մեր կարևորագույն հարցերի շուրջ համակարգման առումով: Կարծում եմ՝ արդյունքները շատ հստակ են: Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք հստակեցնել և հարստացնել մեր պատկերացումներն ու մեր գնահատականները: Իհարկե, առիթ ունեցա շնորհավորելու Հանրապետության նախագահին, իմ գործընկերներին Արցախի անկախության հռչակման 27-ամյակի կապակցությամբ: Նաև Արտաքին գործերի նախարարությունում մեր գործընկերները նշել են Նախարարության հիմնադրման 25-ամյակը: Սա ևս առիթ էր շնորհավորելու մեր գործընկերներին: Այցի շրջանակներում առիթ եմ ունենալու նաև տեսնելու, շփվելու Արցախի հասարակության, հատկապես, երիտասարդության հետ: Գիտեք, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են: Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց նպատակներով, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, կերտում են իրենց ապագան, իրենց կյանքը: Ցանկանում առավել ընդգծել այն հանգամանքը, որ, երբ խոսում ենք Արցախի անվտանգության և կարգավիճակի մասին որպես մեզ համար գերակա խնդիրներ, նկատի ունենք մարդկանց: Շատ եմ սպասում այդ հանդիպմանը, երբ առիթը կունենամ տեսնելու երիտասարդներին՝ Արցախի նոր սերունդը, ինքս զգալ, իմ աչքերով տեսնել, թե ինչպես են իրենք ստեղծում իրենց ապագան: Հարց. Պարո՛ն նախարար, առիթն օգտագործելով՝ խնդրում են նշեք սպասվող զորավարժությունների մասին Ձեր վերաբերմունքը, մանավանդ, որ պոտենցիալ թշնամին, ըստ Ադրբեջանի, լինելու է Հայաստանը: Զոհրաբ Մնացականյան. Մենք մշտապես ընգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Այն, ինչ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության առումով, թե՛, առավել ևս, գործողությունների առումով: Սա դատապարտելի է և անընդունելի, երբ մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ: Սա բնականաբար անընդունելի է: Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին: Հարց. Պարո՛ն նախարար, հստակեցվե՞լ են Ձեր՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մանրամասները: Զոհրաբ Մնացականյան. Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է: Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, և այդ կանոններից մեկը նաև համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը: Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձևով և բնականաբար հասանելի կլինի բոլորին: Շնորհակալություն: