Մաքրել Հայաստանը աղբից

Մաքրել Հայաստանը աղբից, էկոսովորություններ ներդնել. Շարժմանը տասնյակ հազար մարդ է մասնակցել

Հայաստանն առաջին անգամ միացել է սեպտեմբերի  15-ին  անցկացվող Համաշխարհային մաքրության օրվան, որին մասնակցում է 150 երկիր։

Հայաստանի քաղաքացիներն այսօր դուրս էին եկել իրենց տներից, որպեսզի մաքրեն փողոցներն ու բնությունը աղբից: Ակցիան 10։00-ց մինչև 13։00-ն է տևել։ Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում շարժմանը միացել է 10 000 մարդ․դա հաստատված մասնակիցների ամենամեծ թիվն է բոլոր երկրների շրջանում։

Թե որքան մարդ փաստացի մասնակցել է համազգային շաբաթօրյակին, դեռևս չի հաշվարկվել, կազմակերպիչների դիտարկումներով քաղաքի մաքրությանն անտարբեր չէին մնացել տասնյակ հազարավոր մարդիկ։

«Ա1+»-ը ներկա էր Հրազդանի կիրճում կազմակերպված աշխատանքներին։ Հավաքված տանսյակ երիտասարդները հավաքում ու տեսակավորում էին պլաստիկ շշերն ու տարրաները՝ առանձնացնելով դրանք այլ թափոններից։ Հետագայում պլաստիկը ենթարկվելու է վերամշակման։

Երիտասարդները սկզբից հավաքեցին աղբն ու պլաստիկ թափոնները դեպի կիրճ տանող ճանապարհի երկայնքով, ապա իջան գետի մոտ՝ որսալով ջրում լողացող շշերն ու տոպրակները, ափին կուտակված աղբը։

Մասնակիցները ոգևորված էին, գիտակցում էին գործի կարևորությունը, իսկ անցորդներն ուշադրություն էին դարձնում տեղի ունեցածին, դրական էին վերաբերվում։

Համաշխարհային մաքրության օրը Հայաստանում նախագծի համահամակարգող և Երևանում ծրագրի պատասխանատու Գևորգ Բաբայանի խոսքով, Երևանում մաքրման աշխատանքների մոտ 30 կետ է գործում, համագործակցում են 70 կազմակերպության հետ։

 «Աղբը հավաքելով մենք առանձնացնում ենք պլաստիկը, որը վնասակար է բնության համար, աշխատանքների ավարտից հետո Սանիթեկը կտանի հավաքված աղբը, իսկ Ucar թիմը Քլինլենդ պլաստիկի վերամշակման գործարան կտեղափոխի հավաքված պլաստիկ թափոնները։

Այսօրվա ակցիայով մենք չենք սահմանափակվելու, սկիզբ է դրվում բնապահպանական շարժման, համագործակցելու ենք Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ, որպեսզի դպրոցնելում, ուսումնական հաստատություններում հատուկ ծրագրերով ուսուցանվի, թե ինչ է աղբը, ինչ վնաս է հասցնում և որտեղ այն պետք է քցել։ Օրինակ, մարդիկ փողոցում քցում են սիգարետը, դա աղբ չհամարելով, սակայն դրա ֆիլտրը 50 տարի մնում է և վնասում բնությանը», – Ա1+ին ասաց Բաբայանը։

Նա նաև պատմեց, որ սոցիալական ցանցերում մեկնարկել է #գրազ #ibetican (i bet i can – գրազ գանք՝ ես կարող եմ)գրազ չելենջ, որի շրջանակում մարդիկ գրազ են գալիս միմյանց հետ, որ կարող են հրաժարվել շրջակա միջավայրին վնասող սովորություններից։ Օրինակ՝ չօգտագործել պլաստիկ,  պարտվողը մեկ դոլար է նվիրաբերում Հայաստանում էկոմիջավայրի զարգացմանը։ Պլաստիկը քայքայվում է 500-ից 750 տարի՝ այդ ամբողջ ընթացքում թունավորելով հողը, օդը, ջուրը, սպանելով կենդանիներին և վարակելով մեր սնունդը։

Շարժման դիզայներ և կամավոր Անի Աբգարյանի խոսքով, ով եկել է Սան Ֆրանցոսկոյից մասնակցելու համար, Հայաստանում սա պատմական իրադարձություն է, քայլ է արվում բնապահպանական մշակույթի ներդրման.

«Կալիֆորնիայում աղբի տեսակավորումը շատ կարևոր բան է, և լավ է, որ Հայաստանում դա նույնպես սկսում է ներդրվել, կարճ ժամանակում մենք շատ մեծ կամավորների թիմ հավաքեցինք, հուսով ենք, որ մտածելակերպի փոփոխություն տեղի կունենա,  մարդիկ աղբի ազդեցության մասին ավելի տեղեկացված կդառնան»։

Մաքրման աշխատանքներից հետո, ստեծվելու է երկարաժամկետ համագործակցության ծրագիր՝ կազմակերպիչները հույս ունեն, որ արդեն հինգ տարի անց նման ակցիաների կարիք չի լինի, քանի որ շարժման հիմնական նպատակն է ձևավորել նոր մշակութային էկոսովորություններ, նոր մտածելակերպ և ցույց տալ, թե ինչպես ապրել էկոլոգիապես ճիշտ։ Նախաձեռնությունը չի ավարտվում մեկ ակցիայով՝ մշակվելու են հետագա համակարգային քայլեր։

Համաշխարհային մաքրության օրվան միանալու նախաձեռնությունը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մի խումբ կամավորներինն է։  Մասնակցությունը հաստատել են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։ 

All-focus

All-focus

All-focus

All-focus

All-focus

All-focus

All-focus

All-focus