Ամուլսարի ոսկու ծրագիրը հավերժական թթվային ռումբ է. բնապահպաններ

Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում:
Ֆակուլտետի կազմում գործող Կայուն զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն համալսարանական մասնագետներն ու ուսանողները, այլև ներկայացուցիչներ Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից և հասարակական մի շարք կազմակերպություններից:
Քննարկմանը մասնակցելու և տեսակետ հայտնելու հնարավորություն էր ընձեռված նաև Ամուլսարը շահագործող «Լիդիան» ընկերությանն ու Բնապահպանության նախարարությանը, որոնց ներկայացուցիչները, սակայն այդպես էլ չներկայացան:
Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ռուբեն Մովսեսյանը նախ ներկայացրեց մասնակիցներին, ապա անդրադարձավ խնդրի հրատապությանն ու մասնագիտական տարբեր կառույցների փորձագետների տեսակետների փոխանակման, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին բարձրաձայնման անհրաժեշտությանը:
Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, ով ընդգծեց, որ  հանքի շահագործման դեպքում հարյուրավոր տարիների ընթացքում ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով շարունակական աղտոտման կենթարկվեն ինչպես մեր հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի քաղցրահամ ու հանքային ջրերի կարևորագույն պաշարները:
«Ամուլսարի ոսկու ծրագիրը հավերժական թթվային ռումբ է, որն էկոլոգիական աղետի պատճառ կդառնա ոչ միայն Ջերմուկի հանքային աղբյուրների, «Որոտան-Արփա» ջրատար թունելի, Սպանդարյանի ևԿեչուտի ջրամբարների, այլև Սևանա լճի, Արփա և Որոտան գետերի ավազանների համար: Հանքի հնարավոր շահագործման դեպքում, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով շատ լուրջ փոփոխություններ կկրեն նաև ստորգետնյա ջրերը: Դրանց հետևանքով կվտանգվեն ինչպես «Որոտան-Արփա» թունելի ինֆրաստրուկտուրային կառուցվածքները, այնպես էլ Կեչուտի ջրամաբարը»,- ասաց բանախոսը և հավելեց, որ տարածքը հագեցած է ապարների թթվային դրենաժի արդյունքում առաջացած բազմաթիվ քիմիական միացություններով, և բնականաբար հարակից ջրերում առկա կլինեն նաև Ամուլսարի տարածքում եղած բոլոր ծանր և վտանգավոր մետաղները (կապար, մկնդեղ, կադմիում, բերիլիում, քրոմ, մոլիբդեն, ցինկ, սնդիկ, թորիում, ուրան և այլն):
Լևոն Գալստյանը նշեց, որ այդ թունավոր մետաղների միացություններով հագեցած ջրերը, հոսելով Սպանդարյանի, Կեչուտի ջրամբարներ` այնտեղից էլ «Արփա-Սևան» թունել ջրատար, կտեղափոխվեն Սևանա լիճ` հիմնովին փոխելով նրա ջրերի կազմն ու որակը:
Հանքավայրի շահագործման արդյունքում տարածքի հնարավոր սողանքային վիճակի և արդեն իսկ առկա խնդիրների մասին խոսեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
Մասնավորապես ֆակուլտետի ղեկավարն  անհանգստություն հայտնեց Ամուլսարի հատվածում առկա ակտիվ սողանքային դաշտի և հանքավայրի ներքևի ոլորաններում նկատելի տեղաշարժերի մասին:
«Տվյալ տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ Իրանի հետ մեզ կապող միակ ուղին: Արդյո՞ք հաշվի են առնված հանքի շահագործման հետևանքով հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են բերել սողանքային դաշտի ակտիվացմանը: Ի վերջո, չի բացառվում, որ ապագայում մենք կունենանք Ողջաբերդի ճանապարհի պես մի բան, որն ամեն տարի դառնում է վտանգավոր: Այս հարցը ևս պարզաբանված չէ: Սողանքներն այնպիսի երևույթներ են, որ եթե ակտիվանում են, առավել ևս մարդու միջամտությամբ, ապա դրանց դիմակայելը խիստ ծախսատար է և կարելի է ասել՝ անդառնալի»,- փաստում է Մարատ Գրիգորյանը:
Մ. Գրիգորյանը հավելեց նաև, որ ընդերքի շահագործումը պետք է ուղղված լինի երկրի տնտեսությունը զարգացնելուն և սոցիալական խնդիրները լուծելուն, սակայն անհրաժեշտ է հասկանալ՝ որքանով է ստացված շահույթը գերադասելի և ավելի ընդունելի, քան այն բոլոր վնասերը, որ կունենանք հետագայում:
«Աշխարհում ոչ մի տեղ նման խայտառակ գործարք չեք գտնի, երբ հանքի շահագործումից պետությունը ստանում է մոտ 500 մլն դոլարի շահույթ, իսկ շահագործող ընկերությունը՝ 2 միլիարդի: Սա Բնապահպանության նախարարության  օգնությամբ իրականցվող թալան է: Էլ չեմ խոսում, որ նախարարությանը բազմիցս առաջարկել ենք մեր փորձագետների անշահախնդիր օգնությունն ու աջակցությունը, ովքեր շատ ավելին գիտեն ու կարող են, քան միջազգային փորձագետները: Սակայն ոչ մի արձագանք չենք ստանում, քանի որ ձեռնտու է: Սա հակաազգային քաղաքականություն է, որն իրականացնում է մեր կառավարությունը՝ սպանելով մեր մասնագետների ներուժը և երիտասարդների համար երկրաբանի մասնագիտությունը դարձնելով անհեռանկարային»,- ամփոփեց Մ. Գրիգորյանը:
Զեկուցումներից հետո մասնագետների միջև ակտիվ քննարկում սկսվեց, որի ընթացքում ներկայացվեցին հանքի շահագործման վերաբերյալ հետազոտությունների արդյունքներ և այլ ուշագրավ փաստարկներ: