Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջակցություն սահմանային տարածքների հողօգտագործողներին

Պաշտոնական
3-12

Հանրապետությունում վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ նրանց կողմից 2019 թվականի բերքի համար 2018 թվականին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հեկտարի համար հատկացնել 60 000 դրամ գումար: Աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։ Նշված գումարի հաշվարկներում հիմք են ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար: Հիմնավորման  համաձայն՝  2017 թվականի հողային հաշվեկշռով հանրապետության 446.0 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 տոկոսը կամ 151.4 հազ. հեկտարը: Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 տոկոսը ներկրվում է: Ծրագրի իրականացման համար կպահանջվի 182.160 մլն դրամ գումար սուբսիդիա: Արդյունքում՝ կկրճատվեն  ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալները, կբարձրանա ինքնաբավության մակարդակ։