Վարչապետի հանձնարարականներն անմիջապես կատարում ենք. Օսիպյան (տեսանյութ)

Ոստիկանությանը տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ երկու ժամում ռեյդեր անելու,  կատարվել է  ճիշտ ժամանակին: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

«Ոստիկանությունը չի կարող վարչապետի հանձնարարականն ուշ կատարել, վարչապետի հանձնարարականներն անմիջապես կատարվում են։ Արդյունքներ միշտ էլ կան, մենք առօրյայում էլ արդյունքներ ունենք, բայց բաներ կան, որ մենք չեն լուսաբանում»,-հայտնեց ոստիկանապետը:
Վալերի Օսիպյանը նաեւ տեղեկացրեց, որ  «օլիգարխների» թիկնազորին զինաթափելու,  Փաշինյանի՝ օլիգարխների թիկնազորին ասֆալտին պառկեցնելու հանձնարարականից հետո  գործընթացը  սկսվել  եւ շարունակվում է:

«Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տեղեկություններ է ստանում, բայց այդ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք օրինականությունը։ Հավատացեք՝ ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու պատի դեմ տալուց, դեմքը մեքենային կամ պատին հենելուց, դա պարզապես օրինական գործընթաց է: Այն պայմանավորված է նրանով, որ  այդ անձանց մոտ կա զենք, իսկ մենք չգիտենք՝ զենքն օրինական է, թե ոչ, հետևաբար, ստուգել է պետք։ Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ոստիկանության աշխատակցի համար, այդ պատճառով էլ ստուգումներն այդ կերպ են լինում: Զենքն առգրավելուց հետո ուղարկվում է համապատասխան փորձագիտության, որպեսզի պարզվի՝ արդյոք նախկինում կատարված հանցագործությունների հետ կապ կա, թե ոչ»։