A
A
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Հրազդան» ՔԿՀ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝
- բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը,
- բժշկական թափոնների խոտանմանը,
- արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը,
- քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին,
- քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին,
- ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը,
- զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն: