Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լույս» դաշինքը «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
thumbnail-1-1024rrx510

«Լույս» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Արաբկիր վարչական շրջանում: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր խոսքում քաղաքացիներին հորդորեց չզարմանալ, որ իրենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են «Լույս», այլ ոչ թե «Ելք» դաշինքով։ Նա հիշեց, որ նախկինում իրենք պետք է միավորվեին, որպեսզի կարողանային դիմակայել մարտահրավերին, քանի որ «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունները 2000-5000 անդամներ ունեին։ «Այս ընթացքում մեր դաշինքի անդամ կուսակցություններից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարողացավ իրականացնել թավշյա հեղափոխություն։ Բնականաբար, այդ հեղափոխությունն իրականացնելուց հետո մեր հանրության քաղաքական հատվածի մի մասը մտավ ՔՊ։ Մեր գործընկեր կուսակցությունը, տեսնելով, որ ինքը մի քանի  անգամ ավելի մեծ կուսակցություն է, քան «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», տեսավ, որ ունի քաղաքական ներուժ ու կադրեր, որոշեց, որ ինքը պետք է փորձարկի իր ուժը, գնա միայնակ՝ ունենալով քաղաքապետի իր թեկնածուն»,- ներկայացրեց նա։ Արամ Սարգսյանն ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին բարձր է գնահատում՝ հայտարարելով, որ բոլորն իրենցն են և բոլորի հաղթանակի համար իրենք կուրախանան․ «Արարատ Զուրաբյանին նայեք, ինչ է՝ ինքը մեր չէ՞, ինքը սև է՞ սպիտակ է, ինչ սև ու սպիտակ, էդ տղեն ո՞ր թվից է պայքարում։ Զարուհի Փոստանջյանն իր կոլորիտով լավ դեմքերից է,  Նաիրա Զոհրաբյանին, Անահիտ Թարխանյանին նայեք և այլն, սա այն դեպքն է, որ բոլորը ՀՀ -ի մասին են մտածում, ու սև ու սպիտակի խնդիր դնելն անիմաստ է»,- շարունակեց  պատգամավորը։ Միևնույն ժամանակ Սարգսյանը գտնում է, որ  «Լույս» դաշինքը «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է, ինչը հասկացել է մարդկանց հետ խոսելու ժամանակ։ «Երեկ, երբ Հյուսիսային պողոտայում վանկարկում էինք «Երևան, «Լույս», «Զեյնալյան» ես այդ ժամանակ զգացի, որ հաղթող թիմ ենք: Իսկապես, շատ լավ թիմ է, անկեղծ եթե ասեմ, ես «Ելք» ով էլ եմ ճանապարհ անցել, ուժեղ թիմ էր իր քաղաքական լիդերով՝ Նիկոլ Փաշինյանով, բայց այս թիմն այսօրվա «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է, վստահեցնում եմ՝ ուժեղ է»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։