Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա Ծռեր» կուսակցությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

Քաղաքականություն

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

  Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո: Այդպիսիք են, առաջին հերթին՝ անկախ դատարանը, բարեփոխված իրավապահ մարմինները, քաղբանտարկյալների և ռազմագերիների բացակայությունը, իրական ընտրողների ցուցակները, նախկին ռեժիմին մաս կազմած կուսակցությունների մասնակցության բացառումը: Ուստի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ այդ բացը պետք է լրացվի: Այդուհանդերձ, նկատի ենք առնում, որ Երևանի ավագանու ընտրությունները ոչ միայն իրողություն են, այլև թեժ պայքարի ասպարեզ են դարձել հեղափոխական ուժերի և նախկինում ռեժիմին մաս կազմած կամ այսօր նրա մնացորդների հետ միավորված ուժերի միջև: Պայքար, որի արդյունքից զգալի չափով պայմանավորված է հեղափոխության վերջնական հաջողությունը: Այդ պատճառով շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը: Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում ակտիվ կերպով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին: