Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աժ-ն չի կարող ստեղծել Քննիչ հանձնաժողով. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-44

 Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 82 պատգամավոր գրանցվեց՝  Ազգային ժողովի ժամանակավոր Քննիչ հանձնաժողովի անդամների ընտրության  համար: Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում նշեց, որ նման նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է երկու կարեւոր հանգամանքով: «Հրապարակվեց մի ձայնագրություն, որի մասին բուռն քաղաքական եւ հասարակական քննարկումներ են տեղի ունենում: Մեզնից յուրաքանչյուրի համար անհրաժեշտություն է քննարկելու եւ պարզելու հանգամանքները: Խնդիրը դրել ենք, ոչ թե կոնկրետ հանգամանքը, ոչ թե հարաբերությունը, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը, որովհետեւ այդ հանգամանքը կարող է կասկածների տեղի տալ, որ դա նշանակում է, որ յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության  անվտանգության խնդիրը վտանգված է: Սահմանադրական իրավունքի խախտում է տեղի ունեցել»,-ասաց Կոստանյանը: Ըստ պատգամավորի՝ նման հանգամանքը կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքային հանգամանքները: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը արձագանքելով Գեւորգ Կոստանյանին, նշեց, որ  չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում. «Աժ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կոստանյանը համաձայնեց Մարուքյանի հետ, որ խոսքը ԱԺ կանոնակարգ  օրենքի 23 հոդվածի մասին է. «Այո, կոնկրետ փաստերի հետ կապված նախաքննություն է նշանակվել: Եթե նրանց հեռախոսային զրույցների գաղտնիության սկզբունքը խախտվել է, արդյո՞ք յուրաքանչյուր քաղաքացու հեռախոսային զրույցի գաղտնիության սկզբունքը պաշտպանվում է: Քրեական գործ հարուցված չի արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, դա վերաբերում էր այն հանգամանքին, որ հեռախոսազրույցների գաղտնիության սկզբունքը պաշտպանության փաստով քրեական գործ հարուցված չէ»: «Ելք» խմբակցության մյուս պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Կոստանյանը դասավանդում է իրավաբանական ֆակուլտետում, եւ եթե իր ուսանողը նման կերպ պատասխաներ երկու կնշանակեր: «Ուզում եք անունը դրեք տանձ, ուզում եք անունը դրեք խնձոր,  նույն հարցն եք քննարկելու: Սա օրենքի խախտում է լինելու, կանոնակարգ օրենքի խախտում: Ու՞մ է քննարկելու այդ հանձնաժողովը, դա լինելու է ճնշում քրեական գործի վրա, հիմա ինչպիսի ձեւով ուզում եք ասեք, ճշմարտությունը մեկն է՝  ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս ստեղծել  նման հանձնաժողով»,-նշեց պատգամավորը: Պատգամավոր  Մարուքյանն էլ շեշտեց, որ հանձնաժողովն արդեն ստեղծվել է եւ հիմա քննարկվում է հանձնաժողովի անդամների հարցը: ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ անհրաժեշտություն է քննիչ հանձնաժողովի ստեղծումը. «Էդ մարդը շատ հանգիստ ասեց, որ գլոբալ խնդրին  են անդրադառնում: Խորհրդարանը չի կարող ունենալ կրավորական կեցվածք, խորհրդարանը պետք է ունենա հստակ կեցվածք, պետք է ունենա շատ հստակ գործառույթ: Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր  փորձում են սահմանափակել ԱԺ պատգամավորների իրավունքները՝ կրկնակի ստանդարտներ են կիրառում: Եթե այս գործը լիներ մեկ տարի առաջ օդ կհանեիք  պառլամենտին, բա ինչ է փոխվել՝ իրողություն: Սկզբունքներին չպետք է իրողություն փոխվի»: