Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չպետք է ձեռքի հետ էլ պետական խնդիրներ լուծել. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը «Ժառանգություն» կուսակցությունը սկսեց «Կանաչ Երեւան» բնապահպանական ակցիայով: Եկմալյան 6 հասցեում գտնվող պուրակը դեռ 5 տարի առաջ ենք փրկել զավթումից, ասում է «Ժառանգության»  հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այն, ինչ-որ ցանել ենք, հետո պետք է մշակենք, հոգատարություն ցուցաբերենք: Մեր թիմակիցների նախաձեռնությամբ որոշեցինք գալ եւ բարեկարգել պուրակը: Երեւանում կան տարածքներ, որոնք չորանում են, եւ այս առումով էլ պետք է ուշադրություն դարձնենք այս խնդիրներին»,-ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ սեպտեմբերի 23-ին լինելու է  մի իշխանություն, որը պատկանելու է ժողովրդին: «Ես դեմ եմ այն մոտեցումներին, որ ասում են՝ բացառապես մեզ ընտրեք: Ավելի կարեւոր, քան մեր հաղթելն այն է, որ հոգեբանորեն պետք է պատրաստվենք ազատ, արդար ընտրության: Առաջին նախագահական ընտրություններից հետո մենք չենք ունեցել արդար ընտրություններ», -նշում է Րաֆֆի Հովհաննիսյանը: ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի  հեռախոսազրույցի ձայնագրումն ահազանգ է բոլորիս համար, ասում է  «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը։  «Մեր պետական այրերը պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից՝ սա արտաքին,  թե ներքին պատվեր է, բոլորը մեղավորները պետք է պատժվեն: Միեւնույն ժամանակ, մեր պետական պաշտոնյաները պետք է իրենց խոսքի մեջ զգույշ լինեն»: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.   «Մենք  աջակցում ենք կառավարությանը,  մենք ողջունում ենք նոր Հայաստանի սկզբունքները, մոտեցումները, ժողովրդավարությունն ու ազատ հասարակությանը: Բայց չպետք է օգտագործել  նախընտրական հարթակը պետական նշանակության հայտարարություններ անելու համար, այլ գործ է պետք անել: Եթե կուսակցական գլխարկ ես հագնում, ապա բարի եղիր կուսակցապետ եղիր, բայց եթե դու խոսում ես պետական անվտանգության մասին, որպես վարչապետ, ապա պետք է գտնես պետական միջոց եւ ոչ թե մասնակցես նախընտրական կուսակցական պայքարի, ձեռքի հետ էլ պետական խնդիրներ լուծես»,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: