Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրի Լանկայի Բժշկական խորհրդի պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

Պաշտոնական
DSC_2890

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը: Վաղ առավոտից ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ մասնագետները քննարկեցին կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող տասնյակ հարցեր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ Շրի Լանկայի հետ ԵՊԲՀ-ն ունի գիտական և մանկավարժական ոլորտում անցած 14 տարվա համագործակցության ճանապարհ:  Այսօր բուհում բժշկական կրթություն է ստանում Շրի Լանկայից ժամանած 3 ուսանող և 3 ինտերն: «Երևանի պետական բժշկական համալսարանն այս պահին ամենամեծ միջազգային բուհն է Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ում սովորող 8000 սովորողներից, յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է: Բուհի 1800 օտարերկրացի ուսանողները ներկայացնում են 18 ազգություն և վեց կրոն: Արմեն Մուրադյանը նշեց, որ հպարտանալու առիթ է, որ ԵՊԲՀ-ում կրթություն ստացած օտարերկրացի ուսանողները հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունն արտերկրում:  «Մենք առանձնակի կարևորում ենք յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունը, այդ թվում Շրի Լանկայից ժամանած ուսանողների»,- շեշտեց բուհի ղեկավարը: Նա համառոտ անդրադարձ կատարեց նաև ԵՊԲՀ-ի պատմությանը, ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Շուրջ 100 տարվա պատմություն ունեցող կրթական հաստատությունն ունի 6 ֆակուլտետ, 3 խոշոր բժշկական համալսարանական կենտրոն, կլինիկական բազաներ հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում: Այսօր հանրապետությունում աշխատող 10 000 բժիշկներից 90 տոկոսը ԵՊԲՀ շրջանավարտներ են: Արտերկրում մասնագիտական գործունեությունը շարունակում է 8000 շրջանավարտ, որից 500-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում: Շրի Լանկայից ժամանած հյուրերին՝ պրոֆեսորներ Սամանկումար Չանդրագուպտա Վիմալասունդերային և Հիդդադուրա Նավին Դեշիկա Սոյսային ներկայացվեցին նաև զեկույցներ՝ նվիրված ԵՊԲՀ առանձին ստորաբաժանումների, կենտրոնների գործունեությանը: Պրոֆեսորների ուշադրության կենտրոնում էր հատկապես կլինիկական գործունեությունը: Նրանք հետաքրքրվեցին համալսարանական կլինիկաներում ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություններով,  հիվանդանոցների հագեցվածությամբ, մատուցվող ծառայություններով: Շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, պատվիրակության անդամները շրջեցին ԵՊԲՀ տարբեր մասնաշենքերում, ինչպես նաև այցելեցին սիմուլյացիոն կենտրոններ: Երկօրյա այցի ընթացքում նրանք տեղում կծանոթանան նաև ԵՊԲՀ «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների, ինչպես նաև «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գործունեությանը: