Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը սեփական աթոռը պահելու համար պատրաստ է գնալ Սահմանադրության փոփոխության. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
aWVfZb_bzRU

Է.Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հարուստ էր իրադարձություններով: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ներկայացնելու իմ կարծիքը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում հայտնել եմ բազմաթիվ մտահոգություններիս մասին:  Այս ամիսների ընթացքում պարզ դարձավ մի բան. Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե ժողովրդավարական, բազմակարծության և խոսքի ազատության վրա հիմնված պետություն, այլ ամեն կերպ փորձում են սպանել ազատ խոսքը, բազմակարծությունը և ժողովրդավարությունը: Դրա վառ ապացույցը օգոստոսի 17-ի հանրահավաքն էր, որտեղ իշխանության ղեկավար Փաշինյանը մի ողջ սպառնալիքների և շանտաժի ալիք բարձրացրեց ընդդեմ իր ընդդիմախոսների, ինչու չէ նաև  պատգամավորների, դատարանների և անկախ փորձագետների, ովքեր հանդգնել էին կարծիք  արտահայտել,որը մերօրյա միապետի կարծիքին համահունչ չէր: Եթե միջնադարում ասում էին՝ պետությունը ես եմ, ապա այսօրվա իշխանությունը ավելի հեռուն գնաց և ասում է՝ պետությունը իմն է:  Ակնհայտ է՝ երբ  իշխանությունը նեղն է ընկնում, երբ  նյարդային է դառնում, աջ ու ձախ սպառնում է՝օգնություն խնդրելով ԱԱԾ-ից: Ասել և ասում եմ՝ իշխանության համար կարևորը բարձր խոսելը չէ, այլ արդյունավետությունը: Հարց եմ տալիս՝ ու՞ր է թռիչքային զարգացումը, ու՞ր են նոր աշխատատեղերը, ու՞ր են նոր ներդրողները, ու՞ր է աղքատության նվազումը, ու՞ր է գների անկումը. ոչ մի բան չկա,զրո արդյունք: Բանը հասել է նրան, որ իշխանության ղեկավարը՝ Փաշինյանը, սեփական աթոռը պահելու համար պատրաստ է գնալ Սահմանադրության փոփոխության կամ ինքնալուծարել այս  խորհրդարանը: Կրկնում եմ՝ Հայաստանում ցանկացած գործընթաց պետք է լինի միմիայն Սահմանադրության համապատասխան, և ըստ Սահմանադության՝ ոչ թե Ազգային ժողովն է հաշվետու կառավարությանը, այլ կառավարությունն ու վարչապետն են հաշվետու Ազգային ժողովին: Հարգելի խորհրդարան, բազմաթիվ առիթներով նշել եմ իմ մտահոգությունները զանգովի արդարադատության, քաղաքական պատվերի և հնարավոր վենդետայի վերաբերյալ: Այսօր  համացանցում հրապարակվեց սենսացիոն ձայնագրություն: Մտահոգիչ է, իհարկե, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը ձայնագրվում և գաղտնալսվում է: Եվ ես կարծում եմ, որ, այո՛,այստեղ  մենք պետք է պարզենք, թե ինչպես է դա հայտնվել: Բայց կրկնակի, եռակի, հազարապատիկ մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը:  Փաշինյանը բազմիցս նշել է, որ ինքը չի միջամտում դատական համակարգին, ուժային կառույցները չեն միջամտում դատարանների աշխատանքին: Սակայն մենք տեսնում ենք, որ ըստ այդ ձայնագրության՝ դատավորը զանգում է ԱԱԾ պետին, վերջինս նշում է՝ ուզես-չուզես պետք է կալանք տաս: ՀՔԾ պետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ԱԱԾ պետին հարցնում է՝ չփակե՞նք, քննարկեք հարցը վարչապետի հետ, ես ասել եմ վարչապետին: Հարց. ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ ես կապ չունեմ, ոչ մի զանգովի արդարադատության չկա: Նույնիսկ ձայնագրության մեջ պահ կա, որտեղ նշվում է, որ  վարչապետն ասում է՝ փակեք: Սա ուղղակի խայտառակություն է, մարտարավեր Հայաստանի ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքին: Թող որևէ մեկը չփորձի մարտի մեկի հետ կապված ուշադրություն շեղել, ասել և ասում եմ՝մարտի մեկը պետք է բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց կոնկրետ հարց եմ տալիս՝գործադրիր ղեկավարը ի՞նչ իրավունք ունի հանձնարարական տալ՝ ում փակել և ում չփակել: Դրա համար կան համապատասխպան մարմիններ և օրենք: Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքացիներին, միջազգային կառույցներին հստակ  գնահատական տալ այս խայտառակությանը: