Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինական տանգոյի շաբաթ՝ արգենտինացի պարողների մասնակցությամբ

5-3

Արդեն երկրորդ  տարին  անընդմեջ  Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը,  իր գործընկերներ Converse Bank-ի, Karas Wines-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին, կազմակերպում է «Արգենտինական տանգոյի շաբաթ», որը տեղի կունենա սեպտեմբերի 10-16-ը և որին կմասնակցեն արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան և Անաբել Սալդանյա Մարտինեսը, ինչպես նաև Խուլիո  Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Այս անգամ ընդլայնում ենք սահմանները և հրավիրում ենք վայելելու տանգոյին նվիրված մի շարք միջոցառումներ ոչ միայն Երևանում, այլ նաև` Գյումրիում և Իջևանում: Ողջ շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենանք մասնակցելու տանգոյի մի շարք միջոցառումների, ներառյալ` արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրության, ինչպես նաև նվագախմբի մասնակցությամբ համերգի, որին կհետևի վարպետության դաս տանգոյի բոլոր սիրահարների համար: Մասնավորապես` սեպտեմբերի 11-ին ժամը 19.00-ին կարող եք դիտել «Վերջին տանգոն» ֆիլմը, սեպտեմբերի 12-ին ժամը 19.00-ին` «Պիչուկո» ֆիլմը, իսկ սեպտեմբերի 13-ին ժամը 19.00-ին ձեզ կսպասի «Տանգոն», որը կփոխանցի արգենտինական տանգոյի ողջ կիրքը: Ֆիլմերը կցուցադրվեն ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Երևանի մասնաճյուղում (Մելիք Ադամյան 2): Ֆիլմերը անգլերեն ենթագրերով են: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Այնուհետև տանգոյի ոգին կուղևորվի Իջևան, որտեղ սեպտեմբերի 14-ին ժամը 18:00-ին, Շատրվանների հրապարակում կմեկնարկի տանգոյի գեղեցիկ շոուն, որին կհետևի վարպետության դաս: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին արդեն Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա տանգոյի վառ ներկայացում: Արգենտինական տանգոյի շաբաթը կեզրափակվի սեպտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում կայանալիք համերգով և վարպետության դասով: Ինչպես նշեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, այս միջոցառումները նպատակ ունեն մշակութային կամուրջի  միջոցով  էլ  ավելի մոտեցնելու  երկու ժողովուրդներին,   հատկապես այնպիսի  զգացմունքային  ու կրքոտ  պարի միջոցով,  ինչպիսին  է տանգոն: