Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսելու եւ ձայնագրության վերաբերյալ (տեսանյութ)

Հասարակություն
nikol

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերով անդրադարձել է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ հրապարակմանը: Youtube կայքում տեսանյութ է տարածվել, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: «Իմ նախնական գնահատականով, ըստ էության տեղի է ունեցել Հատուկ քննչական ծառայության պետի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը,  ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ի՞նչ նպատակով, արդյոք օրենքով իրավունք է ունեցել գաղտնալսել, և այդ ամենի քաղաքական նպատակը ի՞նչն է, ե՞րբ է տեղի ունենում գաղտնալսումը: Ես դեռևս օգոստոսի 17-ին հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ մարտի 1-ի գործը բացահայտված է և տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պիտի դատարանի առաջ կանգնեն, ի՞նչ են ուզում անել սրանով: Մարդիկ զգում են, և կան կոնկրետ անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տարոն Մարգարյան, Մանվել Գրիգորյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել և փորձում են դա կասեցնել գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով», - ասել է վարչապետը: Վարչապետի խոսքով՝ նրանք չեն կարող իրեն կանգնեցնել, նրանց պարտություն է սպասվում: «Նոր քրեական գործեր են հարուցվելու: Այո´, որոշումներ կայացնելու իրավունքը շարունակում է մնալ ժողովրդի տիրույթում: Էս ընթացքում ինչ ասես չեն արել՝ ֆեյսքեր են առել, ԶԼՄ-ներ են առել, որ աղջկաս համար 100 հազարանոց ավտո եմ առել, որ որդիս ոչ թե ծառայում է, այլ կղզիներում է: Սրա նպատակը մեկն ա՝ ուզում են ճողոպրել»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացուն գնդակահարածը պետք է պատասխան տա, սահմանից զինվորներին հանած, Երևան բերածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնազորին զենք բաժանածը պետք է պատասխան տա, երևանցիների պատուհանների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա: «Չգիտեմ, ինչ ուզում են գաղտնալսած լինեն: Դրանց մեջ չկա որևէ բան, որը հետաքննությամբ կպարզվի, որ որևէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Եթե մենք դատարաններին հրահանգ տվող էինք՝  Վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել, ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հայտնվել: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք... Այդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնում, լրատվամիջոց են գնում, էդ ո՞նց: Այս իրավիճակում ես քանի դեռ վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, շանտաժների չեմ ենթարկվելու, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք տեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին, մենք ունենք ձեր օգնության կարիքը կոռուպցիայի հարցում»,- ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը: Նա անդրադարձավ նաև գաղտնալսման այն հատվածին, որտեղ միտք է հնչում իրեն զանգահարելու մասին: «Երբ ես առաջարկել եմ ՀՔԾ պետի թեկնածու, ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ՊԵԿ նախագահ, ես ասել եմ, որ խոստանում եմ մի բան՝ որևէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու, բացառում եմ, որ ասեք, որ նախաքննության շահերից ելնում է էսինչ մարդուն կալանավորել, ես ասեմ՝ չէ: Նույնիսկ իմ ընտանիքի անդամին, որ ասեն կալանավորենք, նախաքննության շահերից է, ես ասելու եմ՝ կալանավորեք: Տեղի է ունեցել դա: Նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն, չմտածեն, որ էսինչ անուն-ազգանունով մարդուն բա կարելի՞ է կալանավորել: Նախաքննության մարմինը կգտնի, որ պետք է կալանավորել, թող գնա կալանավորի: Ոմանք ուզում են ճողոպրել, ուզում են խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու: Որևէ կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից: Իրավիճակի լուծումը քաղաքացիների տիրույթում է: Հույս ունեմ, որ կաջակցեք թալանի դեմ պայքարին, «Մարտի 1-ի» գործի բացահայտմանը: Աջակցության ձևերից մեկը Դավթաշենի հրապարակ գալն է: Ես կգամ այնտեղ և ելույթ կունենամ: Հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին ասուլիս հրավիրել, հրապարակել, թե առաջիկայում ում թալանի մասին ինչ քրեական գործեր են նախապատրաստվում»,- հավելեց նա: