Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության». կրթություն՝ բոլորի համար

Հասարակություն
1-7

Մուղդուսյան արվեստի կենտրոնը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ 2018 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» հնգամսյա ծրագիրը: Ծրագրի միջոցով Կենտրոնը ցանկանում է լիարժեք ներառականության մոդել ստեղծել և լսողության խնդիրներ ունեցող երեխաներին ներառել կրթական, սոցիալ-մշակութային կյանքին։ Ծրագրի շրջանակում Մուղդուսյան արվեստի կենտրոնի քանդակագործության, նկարչության, վոկալի, խեցեգործության և կարպետագործության մասնագետները կսովորեն ժեստերի լեզուն, որը նրանց հնարավորություն կտա ավելի հեշտ հաղորդակցվել կենտրոն հաճախող լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Ժեստերի լեզուն կուսուցանվի նաև կենտրոնի 20 սաների: Ժեստերի լեզվով կթարգմանվեն հայ դասական ժողովրդական երգերը, որոնք Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը կներկայացնի «Ես լսում եմ քեզ» ներառական մենահամերգի ընթացքում: Այն «Ես լսում եմ քեզ» միջոցառումների շարքի մաս է կազմում. նախատեսվում են նաև տեղեկատվական արշավներ և ֆլեշմոբ՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանն ու լսողության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն: Մուղդուսյան արվեստի կենտրոնի մասնագետները կկարողանան ավելի արդյունավետ կազմակերպել դասավանդման գործընթացը լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ՝ ստեղծելով արվեստի կրթություն ստանալու ավելի բարենպաստ, ներառական պայմաններ։ Ավելացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ականջի և պտկաձև ելունի հիվանդության հիմքով  հաշմանդամության խումբ ունեցող անձանց 15 տոկոսը (476 հոգի) երեխաներ են: