Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուզաննա Ադանալյանն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի

Հասարակություն
adalanyan

Գյումրեցի  Ռուզաննա Ադանալյանը մեղադրում է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր որդու սպանության իրական մեղավորներին չպատժելու համար: Նրա  25-ամյա որդին՝ Արտյոմ Ադանալյանը, սպանվել է Գյումրիում, իր տանը՝ 2014 թվականին: Ամբաստանյալի աթոռին միայն Արթուր Մարտիրոսյանն է հայտնվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 23-ին  նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Արթուր Մարտիրոսյանը դատաքննական խոսքում նշել է, թե ինքը ոչ մեկի մահը չի ցանկացել, միայն իր կյանքն է փրկել:   «Դեպքի վայրից անհայտացել են իրեղեն ապացույցներ, անհետացել են մատնահետքեր, մասնակիցների վերաբերյալ համապատասխան հեռախոսային վերծանումները  խեղաթյուրվել են քննիչի կողմից, իսկ դատավոր Աշոտ Մանուկյանը խայտառակ դատաքննություն է իրականացրել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարտակում է պաշտոնատար անձանց կողմից կատարված սպանությունը», - լրագրողներին ասել է Ռուզաննա Ադանալյանը: Նա դատախազին հանցագործ է անվանում, նույնիսկ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել՝ պատասխան ստանալով, որ Դավթյանի գործողություններում հանցակազմ չկա: ՀՀ դատախազությունը դեռեւս այս տարվա մարտի 13-ի հայտարարությամբ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները համարել է մերկապարանոց, փաստական հիմք չունեցող եւ անտրամաբանական: Այս պահին գործը Վերաքննիչ դատարանում է: Տուժողի իրավահաջորդի բողոքի պահանջն է՝ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու: