Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից (տեսանյութ)

Հասարակություն
axb

Հայաստանը միանում է  սեպտեմբերի  15-ին  անցկացվող  Համաշխարհային մաքրության օրվան։ «Եթե մարդիկ ուզում են այդ օրը մեզ միանալ խմբով, ապա կարող են գրանցվել Cleanuparmenia.org կայքում կամ գրել Համաշխարհային մաքրության օր/World Cleanup Day Armenia ֆեյսբուքյան էջին, և մենք նրանց կտեղեկացնենք, թե որտեղ կարելի է գնալ և մասնակցել: Բացի այդ, ցանկացած մասնակից կարող է մաքրել իր բակը, ինչպես նաև բացել իր մարզի քարտեզը, ընտրել առավել հարմար գոտի և գնալ այնտեղ», - ասաց նախագծի մենեջեր Դիանա Բադեյանը: Համաշխարհային մաքրության օրվան միանալու նախաձեռնությունը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մի խումբ կամավորներինն է։  Հայկական մաքրության շարժումը տարբերվելու է մյուսներից։  «Մեր ծրագիրը շարունակական կլինի: Մեր նպատակն է ոչ միայն մաքրել, այլև մարդկանց կրթել ու բնապահպանական մշակույթ ներդնել Հայաստանում», - նկատեց Բադեյանը: Սեպտեմբերի 15-ին հավաքված  պլաստիկ շշերը կուղարկվեն Cleanland վերամշակման գործարան: Շշերը աղբանոցներում քայքայվելու և թունավոր թափոնների վերածվելու փոխարեն կվերամշակվեն: 2011-ից այդ գործարանում տարեկան մոտ 1500-2000 տոննա պլաստիկ շիշ է վերամշակվում, ստացվող երկրորդական հումքն արտահանվում է Ռուսաստան: «Արտադրվող  երկրորդային հումքը օգտագործվում է սինթիպոնի, քիմմանրաթելերի արտադրության մեջ։  Իսկ Հայասատանում նման արտադրություն  դեռևս չկա», - պարզաբանեց «ՔԼԻՆԼԵՆԴ» ՍՊԸ տեխնիկական տնօրեն Աշոտ Մարությանը: Նրա  խոսքով՝  գործարանը աշխատում է հզորության հիսուն տոկոսի չափով։ Արտադրանքը կավելանա, երբ  աղբի տեսակավորումը մեր երկրում մասսայական կդառնա։ Բացի պլաստիկ շշերից, գործարանը նաև թղթի թափոն է վերամշակում՝ ստանալով տարեկան մոտ 1000 տոննա թուղթ: Գարծարանը մոտ 100 աշխատակից ունի։ 2017-ին մոտ 75 մլն դրամ շահույթ է ստացել՝ վճարելով 15 մլն դրամ հարկ: