Առաջին Սմարթ այգին Երեւանում

Հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանը կունենա նոր այգի, որը Բադալյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին:

Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ:

Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթների լիցքավորիչներ:

Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ  ամանորին՝ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը: Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:

Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:

Այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որևէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու։

Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ:

Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը:

«Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են  «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից: