Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձաբերդը կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ

Մշակույթ
39868589_1973236139365670_6060770248515125248_n-800x600

Պեղումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ հնավայրում: Այս տարի պեղումները կենտրոնացվել  են  երկու  հատվածում` ամրոցում և արտաքին բնակատեղիում: Ամրոցում պեղումներն իրականացվել են միջնաբերդից հյուսիս-արևելք գտնվող հարթ հատվածում, որտեղ բացվել են կանոնավոր ճարտարապետությամբ, շարերով և մուտքերով կառույցների հատվածներ: Գլխավոր պատի հաստությունը 3 մ է, իսկ մյուս պատերինը` 1.5 մ: Վերջիններիս բարձրությունը հասնում է մոտ 2 մետրի: Համաձայն նախնական շերտագրական դիտարկումների` այս կառույցը կարելի է թվագրել հետուրարտական ժամանակաշրջանով Ք. ա. 7-րդ դարի վերջ-6-րդ դար: Հավանաբար այն բարձրացվել է Ք. ա. 8-7-րդ դարի շերտերի վրա: Այս տեղամասից գտնվել են տարատեսակ խեցեղենի և շարժական կրակարանների հատվածներ, մետաղե բեկորներ, կենդանական ոսկորներ և այլն: Պատի հարավ-արևմտյան արտաքին անկյան քիչ հյուսիս ձգվող երկայնքով ուշ փուլում (հավանաբար հելլենիստական) արվել են թաղումներ: Այստեղ բացվել է խմբային և քիչ հյուսիս` մեկ կարասային թաղում: Հնամարդաբանական նյութը ներկայում ուսումնասիրում է ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Վերջին  հինգ  տարիներին  Օձաբերդում իրականացված  պեղումների  արդյունքները փաստում են, որ այն կարող է դառնալ կարևոր պատմամշակութային և զբոսաշրջային կենտրոն տարածաշրջանում: Օձաբերդի պեղված տեղամասերը կկոնսերվացվեն մինչև հաջորդ պեղաշրջանը։ Տեղեկությունն ստացվել է«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ից