Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարշահոտ փլատակներ բնակիչների քթի տակ՝ առնետներով, օձերով, կարիճներով լի (տեսանյութ)

Հասարակություն
Shinararner

Շինարարների 10/1 շենքի բարձր հարկերի բնակիչները բողոքում են պատուհանից բացվող տեսարանից, իսկ ներքևում ապրողները՝ փոշուց ու գարշահոտությունից։ Հարևանությամբ գտնվող Արզումանյան 8ա հասցեի շենքը քանդելուց հետո այդ տարածքը մնացել է անմխիթար վիճակում։ «10 տարի է այս վիճակն է, երբ շենքն ընդհանրապես քանդվել է։ Քանդվելուց հետո այստեղ պետք է վերակառուցվեր ինչ-որ մի բան, ում համար, որտեղ, ինչ, դա իրենց գործն է։ Այսօր այս տեղը վերածվել է հասարակական զուգարանի»,- նշում է բնակիչներից մեկը։ Մինչ այս, տարածքում եղել է շենք և փոքրիկ այգի, հիշում են բնակիչները, բայց թե շենքը վթարային համարելու և քանդելուց հետո ով է գնել տարածքը, բնակիչները միայն ենթադրել կարող են։ «Այստեղ անում են ամեն ինչ, թափում են աղբ, այնտեղ կա անկողին, որտեղ քնում են անօթևանները, մինչև դա էլ քնում էին զույգեր։ Առնետներին, օձերին ու կարիճներին տեղուդադար չկա»։ Թե այս և թե հարակից շենքերի բնակիչների մտահոգությունն իրենց և երեխաների անվտանգությունն է։ Շրջակայքում չկան խաղահրապարակներ։ «Ամբողջ բարձրահարկ շենքում 132 տնտեսության մեջ կապրեն, երևի, 50 երեխա, 50 երեխաները խաղալու տեղ չունեն, խաղում են մեքենաների անիվների տակ»։ Բնակիչները նկատել են, որ աղբը թափելու համար անգամ տանից դուրս չեն գալիս, փոխարենը պատուհանից նետում են այս տարածք, որովհետև այս տեղը լիքն է կարիճներով, օձերով առնետներով և թափառող շներով։ Հարևաններն արդեն հավաքել են շուրջ 400 ստորագրություն և պատրաստվում են դիմում ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տարածքն ի շահ բնակիչների օգտագործելու և խաղահրապարակ կառուցելու խնդրով։