Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ գալիս է սեպտեմբերը. շարժակազմերը համալրվում են, գծանշանները՝ թարմացվում (տեսանյութ)

Հասարակություն
Moskovyan_Street_Yerevan

Ուսումնական  նոր  տարվա մեկնարկի  հետ՝ առանց այդ էլ առկա  տրանսպորտային խնդիրները կրկնապատկվում են։  Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պնդում է, որ աշխատանքներ են տարել, որպեսզի այս անգամ ամենամյա պատկերը չկրկնվի: «Դեռևս հուլիս ամսվա կեսերին մենք հավաք ենք կազմակերպում սպասարկող կազմակերպությունների ղեկավարության հետ, որպեսզի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերանայեն, կարգի բերեն և պատրաստ լինեն սեպտեմբերի մեկի համար», - ասաց վարչության պետը: Նրա խոսքով, ամռանը  Երևանում խիստ պակասում է ուղևորաքանակը, այդ իսկ պատճառով նախապես հանձնարարական է տրվել  ուղեւորափոխադրող ընկերություններին  մինչև սեպտեմբերի 1-ը կազմակերպել վարորդների հանգիստը, տրանսպորտային միջոցները նորոգել ու թարմացնել շարժակազմը: Նավասարդյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Երևանը սպասարկում են 900-ից 950 միկրոավտոբուսներ, 360-370 ավտոբուս, իսկ սեպտեմբերին ավտոբուսների թիվը մոտ 450 կդառնա, միկրոավտոբուսներինը՝ 1100-ից ավելի, այսինքն մոտ 300 մեքենայով կավելանան շարժակազմերը: Բացի այդ, ճանապարհային ոստիկանությունը մինչև սեպտեմբերի 30-ը կուժեղացնի հսկողությունը դպրոցների, մանկապարտեզների մոտ։ Արդեն իսկ իրականացվել են որոշ աշխատանքներ։ Դպրոցների, մանկապարտեզների շրջակայքում թարմացվել են հետիոտային անցումների գծանշումները: Ինչ վերաբերում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի մշակմանը, Նավասարդյանը տեղեկացրեց, որ այն գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրային քննարկմանը: